«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2022 թվականի վերջում ունեցել է 2 հողամաս, մեկ այգետնակ, մեկ ավտոտնակ, մեկ բնակարան եւ մեկ անհատական բնակելի տուն։ Նրա ամենաթարմ գնումը Ջրվեժում գտնվող հողամասն է, որը նա ձեռք է բերել 2019 թվականին։ Նա հանդիսանում է այս բոլոր անշարժ գույքերի համատեղ սեփականատերը։
Արդեն 2021 թվականին Տիգրան Խաչատրյանը նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2014 թվականի արտադրության, Mazda մակնիշի։ Պարզվում է՝ փոխվարչապետը բանկում նաեւ ավանդ ունի՝ 15 հազար դոլարի չափով։ Տարվա ընթացքում Խաչատրյանի դրամական միջոցները կտրուկ ավելացել են. բանկային հաշիվներում նա տարվա սկզբում ունեցել է 462 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն 400 հազար դրամ, ունեցել է նաեւ 20 հազար դոլար։ Իսկ որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 8500 դոլար։ Տիգրան Խաչատրյանը մեկ տարում 24 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, որից 23 մլն դրամը Ֆինանսների նախարարությունից ստացված վարձատրությունն է՝ որպես նախարար, եւ 721 հազար դրամ էլ՝ որպես փոխվարչապետ։
Հավելենք, որ, հայտարարգրի համաձայն, Տիգրան Խաչատրյանի կինը՝ Սյուզաննա Բաբաջանյանը «ԿՈԴԵՈԳՌԱՄ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, իսկ որդիներից Մուշեղ Խաչատրյանը «Ռեվոլուշնարի թեքնոլոջիս» ՓԲԸ բաժնետեր է։ Նկատենք, որ նրա կինը «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանում» որպես տնտեսագետ է աշխատում, որդիներից մեկը ՊԵԿ-ում գլխավոր մասնագետ է, մյուսն էլ՝ «Ակբա» բանկի բաժնի ղեկավար է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում