Search
Close this search box.

Լիակատար շրջափակված Արցախում մեկ տարեկան երեխան, որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շտապ Երևան տեղափոխվելու կարիք ունի

Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և շուրջ 190 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխա, ով այս պահի դրությամբ գտնվում է ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, կարիք ունի անհապաղ տեղափոխման։

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, որից 1 գտնվում է ծանր վիճակում։

Այս օրերին ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների և դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները։

ԱՀ Առողջապահության նախարարությունը այս օրերին որոշակի չափաքանակով պահեստավորել է դեղորայք և բժշկական պարագաներ, սակայն պաշարները շատ սուղ են և իրավիճակի շարունակական լինելուն պես համակարգը կկանգնի լուրջ խնդիրների առջև։

Please enter a valid URL