Search
Close this search box.

Դրոն կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

Հայաստանում մարդկանց մեծամասնությունը քաղաքականությամբ է զբաղվում, ոչ թե հանրային նշանակության խնդիրներ լուծելու, հանրությանը ծառայելու մղումով, այլ բացառապես անձնական շահերը սպասարկելու համար: Արդյունքն առավել քան տեսանելի է՝ քաղաքականության մեջ ներգրավվածների նյութական և ֆինանսական վիճակը տարեցտարի բարելավվում է, իսկ պետությունը՝ թուլանում և հեղինակազրկվում:

Առջևում քաղաքական հերթական կարևոր միջացառումն է՝ Երևանի ավագանու ընտրությունը: Իշխանությունը և իշխանական թիմը փորձում են հնարավորիս քիչ անդրադառնալ այս թեմային. նրանք ուզում են հանկարծակիի բերել երևանցիներին: Այսպես կոչված բլիցկրիգով հերթական անգամ գրավեն Երևանի քաղաքային իշխանությունը: Դրա համար առայժմ նրանց փոխարեն գործում են իրենց ազդեցության տակ գտնվող դրոն կուսակցությունները: Ինչու դրոն, որովհետև այդ կուսակցություններում մարդ չկա, կամ գրեթե չկա, այնքան չկա, որ նրանք չեն կարողանում նույնիսկ համալրել իրենց ավագանու ցուցակները: Բացի այս, ինչպես դրոնները, այս կուսակցությունները ևս ունեն արտաքին կառավարում:

Մենք սկսում ենք շարք այդ դրոն կուսակցությունների մասին, փորձելով հերթով բացահայտել դրանց գործունեության շարժառիթները, բացահայտել, թե դրանցից յուրաքանչյուրը ինչի համար է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, և ինչ է ստանալու դրա դիմաց:

Սկսում ենք այդ շարքը «Հանուն Հանրապետության» կուսակցությունից, որի ղեկավարը ոչ անհայտ Արման Բաբաջանյանն է:

Ասում են, որ Բաբաջանյանն իր մերձավոր շրջապատի հետ հանդիպումներում հայտարարում է, որ ընտրություններին մասնակցելու դեպքում իր ղեկավարած կուսակցությունը 16-17 տոկոս ձայն է ստանալու և լինելու է երկրորդը «Քաղաքացիական պայմանագրից» հետո: Նման վստահության պատճառն այն է, որ Բաբաջանյանի կուսակցության քարոզարշավը ասում են թե ֆինանսավորելու է հայտնի օլիգարխ Վիգեն Բադալյանը`Վիվարոյի Վիգենը՝ ներդնելով մոտ 7 միլիոն դոլար:

Բայց որքան էլ Վիգեն Բադայլայնը հարուստ լինի, և որքան էլ նա հեշտ փող աշխատի, դժվար է հավատալ, որ նա այդքան հեշտությամբ կհրաժարվի իր փողերից, դրանք ներդնելով անհեռանկար գործի մեջ: Բայց ինչու է խոսվում 7 միլիոնի և 16-17 տոկոսի մասին:

Ենթադրվում է, որ ամեն մեկը չի, որ կհամաձայնվի իր անունը հայտնվի Արման Բաբաջանյանի գլխավորած ցուցակում, չի ուզենա իր անունը կապի այդ կուսակցության հետ: Որպիսի մարդը կապվի, նրան պետք է մոտիվացնել, մոտիվացնելու ամենահեշտ ձևը փողն է. մարդկանց մեջ տարածել, որ քարոզարշավի մեջ փող է լինելու, այն էլ միլիոնավոր դոլարներ: Մարդը մտածելու է, որ եթե միլիոններ են լինելու, ինքը այդ փողին հասանելիություն է ստանալու, մի բան էլ ինքն է այսպես ասած կպցնելու:

Մյուս կողմից մարդուն համոզում են, որ այդ փողի արդյունքում գրանցվելու է որոշակի հաջողություն, և հնարավոր է, որ ինքը նույնիսկ ավագանի ընտրվի: Մարդկանց սովորեցրել են, որ ընտրությունը փող է, և եթե փող կա, կլինի նաև հաջողություն: Այսպիսով, եթե Արման Բաբաջանյանը օրինակ՝ որևէ մեկին առաջարկի մտնել իր գլխավորած ցուցակ, այդ մարդը պատասխանելուց առաջ մտածելու է, որ ինքը մտնելով այդ ցուցակ, կարող է կանխիկ փող աշխատել, և հույս ունենալ, որ կդառնա ավագանու անդամ և կապիտալիզացնելով նաև այդ կարգավիճակը: Այդ դեպքում հնարավոր է, որ պատասխանը լինի դրական:

Որպես բոնուս, ասում են, որ Արաման Բաբաջանյանը իր շրջապատի ներկայացուցիչներին ասում է, որ ավագանու ընտրություններից հետո Փաշինյանը իրեն նշանակելու է փոխվարչապետ: Ընդ որում, ասվում է, որ Փաշինյանն իրեն առաջարկել է փոխվարչապետ նշանակել հենց հիմա՝ այս պահին, բայց ինքը հրաժարվել է՝ ասելով, որ կընդունի այդ առաջարկը միայն Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ իր ղեկավարած կուսակցությունը կգրանցի արդեն հայտարարված հաջողությունը:

Սա էլ ասվում է տատանվողների համար, որ Բաբաջանյանն այնքան վստահ է իր հաջողության մեջ, որ չի շտապել ընդունել փոխվարչապետ նշանակվելու առաջարկը, վստահ լինելով իր հաջողության արձանագրմանը, որոշել է մի քանի ամիս սպասել: Մի քիչ սիրուն էլ չի ապագա կամ բեզ պիտիմինուտ փոխվարչապետին մերժելը. մարդը վաղը հազար հարցով կարող է օգտակար լինել:

Իհարկե, դժվար է հավատալ, որ Արման Բաբաջանյանի քարոզարշավի վրա որևէ մեկը 7 միլիոն դոլար կծախսի, իսկ Փաշինյանն էլ նրան փոխվարչապետի պաշտոն հավանաբար ոչ կառաջարկի, ոչ էլ կնշանակի:

Եվ ուրեմն, ինչ սպասել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ:
Առավելագույնը, որպես շարքային ձայն փոշիացնողների, իշխանությունը մի քանի հարյուր հազար դոլար փող կտա՝ ընտրություններին ձևական մասնակցության համար: Ավագանու ընտրություններին ընդառաջ մասնակցողը այդ ընտրությունների վրա փող կաշխատի, իսկ նրա ցուցակում հայտնվածները կլպստեն մատները կամ կուլ կտան իրենց թուքը: Խաբողի և խաբվողի հարաբերություններում մեղավոր են երկուսն էլ:

ArmLife.am

Please enter a valid URL