«Դիլիջանում իմ մասնակցությամբ ծեծկռտուք կամ միջադեպ չի եղել»։ Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները թե նախորդ շաբաթ ՔՊ-ի դիլիջանյան քեֆն ավարտվել էր ծեծկռտուքով, կրքերը հիմա էլ չեն հանդարտվել։
Ըստ օրաթերթի՝ ՔՊ-ականները ծեծել էին Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանին, ով անցել ու ոմանց չէր բարեւել, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել էր Մաթեւոսյանին, թե՝ որ անցնում ես, ինչի՞ չես բարեւում, Մաթեւոսյանն էլ հայտարարել էր, թե չի ուզում, չի բարեւում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել էին վիճաբանել, քաշքշել իրար ու ծեծել։
«Կրկնում եմ՝ նման բան չի եղել, սուտ է, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում, թողեք աշխատենք»․-նշեց մարզպետը։