ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Տիգրան Խաչատրյանի (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») որդին` խմբ.) կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել : Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ` հունիսի 19-ին՝ ժամը 21:40-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչը աջ դաստակի շրջանի ափային մակերեսի վնասվածքով հիվանդանոց է ընդունվել:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատրյանը ավտոմեքենայի անվադողեր գնելու համար պայմանավորվել է 46-ամյա համաքաղաքացու հետ։ Վերջինիս եղբոր որդին, դրանք տրամադրելու նպատակով, զանգահարել է Տիգրան Խաչատրյանին և, դիմելաձևի հետ կապված (Տիկո ասելու համար.–խմբ) նրանց միջև առաջացել է լեզվակռիվ, որը մնացել է անավարտ:
Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ վիճաբանել է աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով թեթև մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:
Այդ ընթացքում Խաչատրյանը իրեն պատկանող մեկ այլ՝ «Toyota Land Cruiser 200» մակնիշի ավտոմեքենայով լքել է Գորիսի տարածքը:
Միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին Խաչատրյանի նկատմամբ hրազենի ապօրինի շրջանառություն և խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-ին ձերբակալել էին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել։