Search
Close this search box.

Ուկրաինայում սկսվել է «Միգրանտ» օպերացիան` ընդդեմ «օրենքով գողերի»

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը սահմանապահ եւ միգրացիոն ծառայությունների հետ համատեղ սկսել է «Միգրանտ» օպերացան՝ ուղղված Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող «օրենքով գողերի» դեմ, գրում է pastinfo.am-ը։

Օպերատիվ-պրոֆիլակտիկական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հրամանն ստորագրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ազգային ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը նշել է, որ  լայնամասշտաբ միջոցառումների իրականացման նպատակն է երկրից հեռացնել օտարազգի քրեական հեղինակություններին, ովքեր  ազդում են Ուկրաինայի քրեածին իրավիճակի վրա։

Նա մանրամասնել է, որ խոսքը նախեւառաջ վերաբերում է կազմակերպված հանցավոր խմբերի առաջնորդներին, «օրենքով գողերին»։

«Այս կատեգորիայի քաղաքացիները պետք է լինեն մեր սեւեռուն հսկողության ներքո։ Անհրաժեշտ է հետեւել նրան գործունեությանը՝ երկրի տարածք մուտք գործելու պահից», — հայտարարել է Վյաչեսլավ Աբրոսկինը։

Նրա խոսքերով՝ ձեռնարկվող քայլերը կնպաստեն երկրում հանցավոր իրավիճակի վրա  էթնիկ հանցավոր խմբավորումների բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելուն։

Ավելի վաղ, փոխոստիկանապետը հայտարարել էր, որ որոշ «օրենքով գողեր» կձերբակալվեն պատվիրված սպանություններ կազմակերպելու, մարդկանց առեւանգելու համար։ Անհրաժեշտ ապացուցողական բազան հավաքելու համար, ինչը բավական բարդ է  «օրենքով գողերի» պարագայում՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, երկրում ձեւավորվել է հատուկ ստորաբաժանում, որը կիրականացնի քրեական հետախուզության գործառույթներ, գործակալներ կներդրվեն հանցավոր համակարգերի մեջ։

Աբրոսկինը հայտնել է, որ «օրենքով գողերի» դեմ պայքարը մշտապես գտնվել է իրենց ուշադրության կենտրոնում եւ եթե ամիսներ առաջ Ուկրաինայում գտնվում էր օտարերկրացի 28 «օրենքով գող», ապա ներկայումս մշտապես բնակվում է 7-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբրոսկինը Ուկրաինայի համար նոր մարտահրավեր էր որակել վերջերս Ադրբեջանում ազատ արձակված «օրենքով գող» Նադիր Սալիֆովին (Գուլի)՝ նրան բնութագրելով որպես հետխորհրդային տարածքի ամենադաժան հանցագործներից մեկը: Նա ընդգծել էր, որ վերջին ժամանակներս Ուկրաինայում հաճախակի դարձած ադրբեջանցի, հայ, բանջարեղենային շուկաներում առևտրով զբաղվող այլ էթնիկական խմբերի գործարարների առևանգման դեպքերը տեղի են ունենում Թուրքիայում գտնվող Գուլիի հրամանով: Մարդկանց ազատման համար պահանջում են առասպելական փողեր՝ սկսած 1 մլն դոլարից և ավելի: Աբրոսկինը հավելել է, որ երկրում այդ «օրենքով գողի» գործունեությունն արդեն քննարկվել է հանցաշխարհի նաև այլ ներկայացուցիչների կողմից, սակայն բացահայտ նրան դիմակայել ոչ ոք չի համարձակվում։

Նշենք, որ ամիսներ առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին, Ուկրաինայում առեւանգվել  էր նաեւ հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդին, ով Կիեւում խաղային բիզնեսով էր զբաղվում։

Նրանք ազատ արձակվեցին միայն այս տարվա հունվարին։  Ինչպես արդեն հաղորդել է «Փաստինֆո»-ն, նրանց ազատ արձակվելու մասին տեղեկացրել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ «Ընկերներ, մենք լավ լուր ունենք։ 2017 նոյեմբերի 12- ին Կիևում առևանգված Հայաստանի քաղաքացիները (Արմանը և Սամվելն) արդեն ազատության մեջ են։ Մանրամասներ առայժմ չեմ հայտնի։ Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում»,- ֆեյսբուքում հունվարի 21-ին գրել էր դեսպանը։

Առեւանգողների եւ ներկայացված պահանջների մասին ոչինչ չհաղորդվեց։  Միայն հայտնի է, որ որդին հոր հետ վերադարձել է Հայաստան, իսկ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում իրենց բիզնեսը։

Please enter a valid URL