Զինված ուժերի Գլխավոր շտաբը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր կարող մտացածին բաներ զեկուցել, սակայն զեկուցման ժամանակ ես չեմ եղել ո՜չ Նիկոլ Փաշինյանի, ո՜չ էլ Օնիկ Գասպարյանի կողքին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի արդյունքներին վերաբերյալ երեկ արված հայտարարություններին։
Հարցին, արդյոք անճշտություններ եղե՞լ են Գլխավոր շտաբի ու Պաշտպանության բանակի միջև, ինչպե՞ս է ստացվում, որ Արայիկ Հարությունյանն այլ տեղեկություն է հաղորդել, Գլխավոր շտաբը՝ այլ, Տիրան Խաչատրյանը պատասխանել է. «Նորից եմ ասում, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողքն եմ կանգնած եղել զեկույցը ընդունելուց, ո՛չ էլ զեկուցողի կողքն եմ կանգնած եղել զեկուցելուց»:
«Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ ԳՇ-ից մտացածին բան կարող են զեկուցել, մանրամասներ չգիտեմ՝ ինչ է զեկուցվել, բայց ԳՇ-ից ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել: Իսկ Փաշինյանի արած հայտարարություններին Օնիկ Գասպարյանը կարող է պատասխանել, ինքը գնում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստերին, այնտեղ այդ հարցերը հավանաբար իրեն կտրվեն, ինքն էլ կպատասխանի»,- ավելացրել է նա:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկին, ասելով, որ եթե առաջարկը ընդունվեր, Շուշիում 90 տոկոսից ավելի փախստականներ էին լինելու, ճանապարհ էր կառուցվելու դեպի Շուշի և Մեղրիում սահամանապահներ էին կանգնելու, Խաչատրյանը պատասխանեց, որ առաջարկներին տեղյակ չէ:
Հարցին, թե արդյոք Խաչատրյանին չի՞ ներկայացվել այդ առաջարկները, ԳՇ պետի նախկին տեղակալը պատասխանեց. «Մեզ հետ նման հարց երբեք չի քննարկվել, հնարավոր է՝ ԳՇ պետի հետ քննարկել է, ես տեղյակ չեմ: Չգիտեմ՝ ինչ են իրեն առաջարկել, որքանով է իրական, որքանով սուտ: Ինչ վերաբերում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին մասնակցելուն, ապա երբեք որոշումս չեմ փոխի մասնակցել, իմ կարծիքն ու վերաբերմունքը հայտնել եմ բազմիցս և այն անփոփոխ է»: