Search
Close this search box.

Հայոց լեզվի ընդունելության քննության շտեմարանի հեղինակներ, դուք չար, նախանձ երիտասարդ սերնդին ատող «մասնագետներ» եք

Հայոց լեզվի ընդունելության քննության շտեմարանի հեղինակներ, դուք չար, նախանձ, բարդութավորված, հայոց լեզուն ու, ամենակարևորը, երիտասարդ սերնդին ատող «մասնագետներ» եք ու այրվելու եք դժոխքի կրակներում։
Ձեր նպատակը պետք է լիներ դիմորդներին թև տալը, նրանց իմացածը բացահայտելը, ոչ թե մեջքները ջարդելը, թևաթափ անելը։

Դուք գիտակցում ե՞ք, որ ձեր գրած՝ իբր մայրենի լեզվի գիտելիքները ստուգող թյուրիմացություն-թեսթերով ստիպում եք, որ երեխան ատի իր մայրենի լեզուն, վախենա մայրենի լեզվից ու քննությունից, որովհետև դուք ոչ թե գիտելիք եք ստուգում, այլ ստիպում եք, որ երեխան թերարժեքության զգացում ունենա, թեսթերի պահանջները կարդալիս ներքին համոզմունք ունենա, որ ինքն առհասարակ հայերեն չգիտի, ինքը ոչինչ է, իր իմացածը հայերեն չի, որ ինքը պիտի մի ամբողջ կյանք տանջվի, որ ձեր գրած պահանջի իմաստը հասկանա, հետո, եթե Աստված կամենա, խրթին, մոլորեցնող վարժություններից մի քիչ գլուխ հանի։

Այնինչ հայ երեխայի համար հայոց լեզուն պիտի ամենասիրելին լինի, ամենաթանկն ու հարազատը, հայոց լեզվի քննությանը դիմորդը պիտի թռվռալով գնա, ոչ թե պատի ծեփ դառած, արյունը երակներում սառած, կոտրված, վախեցած՝ իմանալով, որ բոլոր քննությունների մեջ հենց ՄԱՅՐԵՆԻԻ քննությունն է իր թույլ, խոցելի տեղը, ցածր միավորների «աքիլլեսյան գարշապարը»։

Գնացեք ընդունելության քննություններին ու ձեր «ցանածի» պատկերը կտեսնեք։ Անգլերենի քննությանը երեխաները գնում են ինքնավստահ, ուրախ, իսկ հայոց լեզվինը՝ սարսափն աչքներում, ցածր ինքնագնահատականով, ինչ-որ կանոններ «զուբրիտ» արած։
Սա ողբերգություն է, հասկանում ե՞ք։ Դուք ստիպում եք, որ հայ երեխան օտար լեզուն ավելի շատ սիրի, քան իր մայրենին։

Ձեր սահմանած թեսթերը հայոց լեզվի իմացություն չեն ստուգվում, դուք ուղղակի ուզում եք հայոց բանասիրությունը, հայրենագիտությունը ոչնչացնել, ուզում եք, որ մայրենիի ձեր իմացություններն «անհաս բարձունք» լինեն, որ հոգու խորքում հպարտանաք, թե ձեզ գերազանցողը, ձեր «առաջադրանքները» լիարժեք կատարողը դեռ չի ծնվել։

Առհասարակ, բոլոր առարկաների ընդունելության քննությունների շտեմարաններ կոչվածները գիտելիք ստուգելու համար չեն, բայց Հայոց լեզվինն ուղղակի դիմորդի կառափնարան է։
Մեղք է մեր մայրենին, որ ձեր ձեռքն է ընկել, ու դուք ուղղակի այն ծուղակ եք դարձրել։

Please enter a valid URL