ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: Հատված՝ Փաշինյանի խոսքից. «Հրադադարի հերթական հայտարարության ձախողմանը զուգընթաց վերադարձա հոկտեմբերի 16-ին՝ Պուտինի հետ ունեցած խոսակցությանը: Հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց ունեցա նրա հետ, ՌԴ նախագահն ասաց, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը. պայմանը հետևյալն է՝ յոթ շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, ԼՂ կարգավիճակը մնում է անորոշ ապագային: Պայմանավորվեցինք, որ ես մինչև երեկո դիրքորոշում կհայտնեմ: Ցերեկն արտախորհրդարանական ուժերին հրավիրեցի, ավելի ուշ՝ ԱԽ նիստ: Երեկոյան զանգահարեցի ու Պուտինին ասացի՝ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելու, ասաց, որ կխոսի Ալիևի հետ: Այդ պահին խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը մեծ մասամբ Ադրբեջանի հսկողության տակ էին: Պուտինը հաջորդ օրը զանգահարեց ու ասաց, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել, բայց ակնկալում է, որ դիմաց կստանա բոլոր յոթ շրջանները…»: