Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը Լատվիայի դեմ հաղթանակն ավելի բարդ է համարում, քան Ուելսի դեմ հանդիպում էր:
«Ես շնորհավորում եմ մեր ամբողջ ազգին` այս կարևոր հաղթանակի կապակցությամբ: Շարունակական հաղթանակն ավելի քաղցր են: Ավելի դժվար խաղ ստացվեց, քան Ուելսի դեմ էր: Լատվիայի հավաքականը մի քիչ յուրահատուկ ֆուտբոլ էր խաղում»,-ասել է նա:
Թիմի հարձակվող Հրանտ-Լեո Ռանոսն էլ հպարտացել է հավաքականի` Լատվիայի դեմ տոնած հաղթանակով:
«Ես շատ-շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և նվաճեցինք 6 միավոր երկու խաղերում: Ես հպարտ եմ իմ թիմով և որ մենք կարողացանք հաղթել»,-նշել է Ռանոսը:
Խոսելով Լատվիայի ընտրանու մասին` հարձակվողն ասել է, որ մրցակիցները լավ հավաքական ունեին և հանդիպումն էլ բարդ ստացվեց: Սակայն երբեմն ֆուտբոլում պետք է նաև հաջող լինես:
«Իհարկե, հոգնում ես, երբ խաղում ես 90 րոպե շարունակ, բայց մենք նույնքան ժամանակ ունեինք վերականգնվելու համար, որքան Լատվիան: Բայց մենք երջանիկ ենք, որ հաղթել ենք»,-ընդգծել է Ռանոսը:
Թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը Լատվիայի դեմ տոնած հաղթանակը համարում է թիմային միասնական աշխատանքի արդյունք:
«Հանդիպումը շատ դժվար ստացվեց: Ուելսի դեմ խաղից հետո թիմն իսկապես հոգնած էր: Ժամանակ չկա նորմալ վերականգնվելու համար: Բայց ամբողջ թիմով մեծ աշխատանք ենք կատարել: Կարողացանք լավագույնս հանդես գալ: Հաղթեցինք ու ունենք երեք միավոր»,- ասել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը` սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում: