Երեւանում նախորդ տարվա մարտի 7-ին, կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով կար վիրավորում ստացած քաղաքացի: Դեպքից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած անձը «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի սանիկն է՝ 50-ամյա Արսեն Սարգսյանը:
NEWS.am-ը տեղեկացավ, որ կրակահերթ արձակած Արամ Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գործն այժմ դատարանում է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 185-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ մեղադրանքի՝ Արամ Ասատրյանն այդ օրը իր կողմից ապօրինի ձեռք բերված, գործով չպարզված մոդելի եւ 7.65 մմ տրամաչափի հրազենից՝ ատրճանակից, սպանելու նպատակով դիտավորությամբ կրակահերթ է արձակել Արսեն Սարգսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներ, սակայն չի կարողացել իրագործել իր նպատակը: Նա այդ ընթացքում նույն ատրճանակով արձակված կրակահերթերի արդյունքում՝ հանրավտանգ եղանակով, դիտավորությամբ վնասել է Ռոբերտ Ներսիսյանին պատկանող «Ֆորդ Ֆոկուս 2.3» մակնիշի ավտոմեքենան եւ Արթուր Քոլոյանին պատկանող «Հոնդա Աքորդ 2.01» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 60.000 ՀՀ դրամի եւ 50.000 դրամի գույքային վնաս: