Ռուսական դպրոցները, որոնց բացումը նախատեսվում է Հայաստանում, կհամապատասխանեն կրթական ամենաբարձր չափանիշներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։
ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են դպրոցների համար ռուսաց լեզվի համատեղ դասագիրք մշակելու հարցը
Նախագծի իրականացման վերջնաժամկետը դեռ որոշված չէ, սակայն հարցն ակտիվորեն քննարկվում է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր: Թեման հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նախագահական նոր նախագիծ է։ Մեկ տարի առաջ մենք Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց ենք բացել, ինը դպրոց բացելու մասին համաձայնագիր է ստորագրվել Ղրղզստանի հետ։ Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի գտնել այն ձևաչափը, որը թույլ կտա ամենաժամանակակից կրթական նախագծերն իրականացնել` ըմբռնումով և խորը հարգանքով վերաբերվելով Հայաստանի առանձնահատկություններին ու նրա օրենսդրությանը»,- ասել է Մասլովը։
Խոսքը գերժամանակակից, լիովին կահավորված դպրոցների կառուցման մասին է, որտեղ ժամանակակից կրթական մեթոդներ կներդրվեն։
Նախագիծը բավականին հավակնոտ է և բարդ իրականանալի։ Դպրոցների շենքերը կկառուցվեն 2,5-3 հա տարածքում և նախատեսված կլինեն 1200 մարդու համար։ Բացի այդ, դրանց կից կկառուցվի երկու լողավազան և ֆուտբոլի դաշտ։
«Մենք եղել ենք Տաջիկստանում գործող այդպիսի ռուսական դպրոցներում։ Դրանից հետո ես ուզում ես բոլոր դիպլոմները մի կողմ դնել և գնալ առաջին դասարան: Հենց որ զարգացման վերաբերյալ որոշակիություն լինի, մենք անպայման կտեղեկացնենք։ Հաշվի են առնվում և՛ կարիքները, և՛ հնարավորությունները»,-ասել է Մասլովը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական դպրոցների բացումը կընդլայնի երիտասարդների հնարավորությունները հայրենիքում, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ևս մեկ քայլ կդառնա:
Ինչ վերաբերում է Սյունիքում արդեն իրականացված նախագծերին, Մասլովն ընդգծել է, որ այդ տարածաշրջանը պատմականորեն մոտ է և չափազանց կարևոր Ռուսաստանի համար: Նա նաև ուրախությամբ փաստեց, որ տարածաշրջանում պահպանվում է հետաքրքրությունը Ռուսաստանի, ռուսական մշակույթի նկատմամբ:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համագործակցության մոդել է առաջարկել հայ-չինական դպրոցի օրինակով, որտեղ կողմերը մասնակցում են ուսումնական ծրագրի կազմմանը և ուսուցիչների վերապատրաստմանը: Արդեն ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք գործում են այդ ուղղությամբ։
Մարտի 17-ին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը հայտնել էր, որ Հայաստանում կգործարկվի չորս ռուսական դպրոցների կառուցման նախագիծը: Դրա իրականացումը տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում՝ միջպետական պայմանագրերի հիման վրա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Երևան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ռուսական կողմն աշխատում է Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացման ուղղությամբ։
Օրենքի համաձայն՝ Հայաստանում օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստեղծված կենտրոնները:
Նշենք, որ ռուսերենով խորացված ուսուցում իրականացվում է Հայաստանի 63 դպրոցներում, որոնցից 33-ը՝ Երևանում, 30-ը՝ մարզերում: Ռուսերենով ուսուցման դասարաններ կան 45 միջնակարգ դպրոցներում (41 պետական, 4 մասնավոր)։ Միաժամանակ միջպետական համաձայնագրերի հիման վրա գործում է երեք ռուսական դպրոց` ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցը Երևանում (Քանաքեռ), ՌԴ ՊՆ թիվ 19 դպրոցը Գյումրիում և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության միջնակարգ դպրոցն Արտաշատում: