Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ահագնացող ճնշումը Արցախում մեր ապրելու կամքը կոտրելու ու մեզ հոգեբանորեն ոչնչացնելու նպատակ է հետապնդում: Բնակչության շրջանում ընկճվածության, հուսահատության տարածումն հենց այն է, ինչին ձգտում է հասնել Ադրբեջանը:

Դրա դեմ պայքարելու լավագույն միջոցն աշխատանքն է, որը փակում է հուսահատության ճամփան ու խափանում հակառակորդի պլանները: Դրա համար մեր՝ We Are Our Mountains գործակալությունը շարունակելու է իրականացնել իր բոլոր ծրագրերը:

Այսօր ես ուզում եմ խոսել արցախցի երիտասարդների համար երկու կարևոր կրթական ծրագրի մասին. «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և «Nation in Action» կազմակերպության նախաձեռնությամբ՝ արցախցի 30 երիտասարդ այս տարի առաջին անգամ մասնակցելու է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթին:

Նոյեմբերին կայանալիք մրցույթին արցախցի երիտասարդներին նախապատրաստելու համար՝ Հայաստանի առաջատար մասնագետները նրանց հետ վեցամսյա առցանց դասընթաց են անցկացնում՝ միջազգային բիզնես քեյսերի արդյունավետ լուծումների վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով:

Այսօրվա իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, այդ թվում՝ տնտեսության մեջ, բիզնես ոլորտում, և ես ու իմ գործընկերները հավատացած ենք, որ նման ծրագրերի միջոցով կկարողանանք ամուր հիմք ստեղծել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար:

Արդեն մեկնարկել է նաև Matena International School of Leadership and Professional Development -ի Արցախում իրականացվող չորրորդ ծրագրի ընդունելությունը՝ նախատեսված Արցախի հանրային և մասնավոր ոլորտներում գործող առաջնորդների համար: Այն երիտասարդները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կարող են ծրագրում ընդգրկվելու համար դիմել մինչև հուլիսի 12-ը:

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել մեր կամքը, ստիպել, որ դադարեցնենք մեր ծրագրերը: Մեր ժողովրդի համար երբեք էլ հեշտ չի եղել: Սա մեր պատմության հերթական ծանր փուլն է, որին պիտի դիմակայենք գործով, սառնասրտությամբ, ծրագրված աշխատանքով ու համախմբվածությամբ»։

Please enter a valid URL