Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական մոտեցում է դրսևորել այս հարցում և այն շարունակվելու է։
«Հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվոււմ՝ նաև անվտանգության հետ կապված հարցերը տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,- ասաց պաշտոնյան՝ հստակեցնելով, որ, եթե մինչև այժմ մեզ չի հաջողվել թղթի վրա ամրագրել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար, ապակառուցողական է այս հարցում Ադրբեջանը։
Վահան Կոստանյանը նշեց, որ ապաշրջափակման հարցով դետալները դեռ քննարկման փուլում են։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում ավելի շատ խոսվում է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, այլ ոչ թե վերահսկողության ֆունկցիա»,- հավելեց փոխնախարարը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նա մատնանշեց, թե որ սկզբունքային հարցերի շուրջ է, որ երկրները չեն կարողանում համաձայնության գալ. «Քարտեզի, երաշխավորման ինստիտուտի հետ կապված հարցերում, ԼՂ ժողովրդի անվտանգության, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության հարցերում են տարաձայնությունները, ցավոք, այս պահին համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են»,- նշեց նա։