Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը, որովհետև չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Առանց որևէ պարզաբանման՝ ինչ ուզում, անում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԲԴԽ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ ԲԴԽ նիստում քննարկվում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Նա հայտարարեց, թե բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս։
«Ես միջնորդեցի, որ հնարավորություն տան՝ ընդմիջում հայտարարվի, որ հաղորդում ներկայացնեմ, դրան էլ չանդրադարձան։ Ուղղակի միանվագ Արդարադատության նախարարության միջնորդություններն են քննարկվում», — ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։
Հարցին, թե ինչի՞ վերաբերյալ է ուզում հաղորդում ներկայացնել՝ դատավորը պարզաբանեց. «Ուզում եմ հասկանալ՝ ճիշտ լսեցի՞, թե՞ չէ, որ ասաց՝ ֆիզիկական ուժ կիրառեք, ասացի՝ իմ նկատմա՞մբ, ասաց՝ չէ՛, գույքի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ հանցագործությա՞ն մասին հաղորդում ներկայացնեմ, թե՞ կարգապահական պատասխանատվության ենթարկելու», — նշեց նա։
ԲԴԽ-ն որոշել է դռնփակ ռեժիմով քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունը: «Ես ասացի՝ իմ անձնական տեսագրումը, ձայնագրումը կարո՞ղ եմ անել: Ասում է՝ չէ, ու կարգադրիչներին հրահանգում է… ես նաեւ բերել էի համապատասխան բարձրախոս, որ կարողանամ հրապարակել, այդ բոլոր գույքերը վերցրեցին, դուրս հանեցին: Հիմա թույլ տվեք ընդմիջումից օգտվեմ, փորձեմ հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում»,-ընդգծեց դատավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:
Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ: