Search
Close this search box.

Երևանում հնդիկների վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ

Այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։

Մինչ ոստիկաններն ու քննիչները աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, պարզում են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։

Հաղորդվում է, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները օպերատիվ ժամանելով դեպքի վայր, Գ․ Հասրաթյան փողոցի 10/9 հասցեի հարևանությամբ՝ հենց տեղում վնասազերծել են Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիների, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները՝ պատառոտված։ Ու եթե ոստիկաններն ու պարեկները մի փոքր հապաղեին, ապա կռվի բոլոր մասնակցիները արդեն դեպքի վայրում չէին լինի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պատառոտված վերնաշապիկ, բջջային հեռախոս, պատառաքաղ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք, ինպես նաև սպանվածի հողաթափերը, որոնց վրա նույնպես արյան հետքեր են եղել։

Դեպքի փաստով՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀԿԳ ավագ քննիչ Ժ․ Հովհաննիսյանի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL