Վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանային միջադեպերի կապակցությամբ Ֆրանսիայի արտգործնախարարությունը զսպվածության կոչ է արել։
«Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ հայկական տարածքում գտնվող Երասխ գյուղում քաղաքացիական անձնակազմի վրա կրակոցների կապակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիան կոչ է անում զսպվածության ցուցաբերել և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։
Պաշտոնական Փարիզը վերահաստատում է իր աջակցությունը Լաչինի միջանցքում երթևեկության վերականգնման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի` 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք իրականացմանը։
Ֆրանսիան կողմ է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատվի` ի շահ քաղաքացիական բնակչության:
ԱԳՆ–ն հիշեցնում է, որ Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը նշանավորվել է նրանով, որ կողմերը արդեն քննարկված հարցերում որոշել են առաջ շարժվել բանակցությունների միջոցով։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ կրակ է բացել նաև հունիսի 16-ին` ժամը 10:00-ին։