Search
Close this search box.

Արցախի պետնախարարը կոչով է հանդես եկել

Երեկվանից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Երեկվանից դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նրանց Հայաստան տեղափոխելու գործընթացը: Այս մասին Facebook-ի իր լայվում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նրա խոսքով, այս հանգամանքը հաշվի առնելով երեկվանից պետական ամբողջ համակարգը անցել է խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ:

Նկատի ունենալով, որ իրավիճակը կտրուկ փոփոխվել է, գործող մոտեցումներում արագ կատարել ենք որոշակի վերանայումներ:

Պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի եւ նմանատիպ այլ հարցերով դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը:

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները կապահովեն անհրաժեշտ պարագաներով, բնակչությանը սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար:

Առողջապահության նախարարությանը կապահովենք անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով:

Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխտանքների իրականացման ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը: Այդ գործընթացն իրականացվելու է գյուղատնտեսության նախարարի անմիջական համակարգմամբ ու ղեկավարմամբ:

Կշարունակեն գործել հասարակական տրանսպորտը, կկազմակերպվեն միջշրջանային երթերը»,-ասաց պետնախարարը:

Նա նաեւ դիմեց քաղաքացիներին՝ նշելով. «խնդրում եմ, հորդորում, ինչ-որ տեղ նաեւ պահանջում գործել հնարավորինս խնայողաբար: Այս պահին դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիքի տրամադրման գործընթացը: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, անընդհատ չկուտակվել լցակայաններում եւ նման հարցերով դիմել ՏԻՄ մարմիններին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

Նրանք, որոնք ստացել էին վառելիք գնելու համար սահմանված կտրոնը, առայժմ չեն կարող օգտվել դրանից, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետք է դիմել Արցախի կառավարության վերահսկողական ծառայությունը՝ թույլտվություն ստանալու համար:

Ավելորդ կամ անհիմն միջնորդություններով խնդրում եմ՝ չծանրաբեռնել պետական մարմիններին: Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել խանութներում մնացորդ ապրանքների իրացումն իրականացնելիս եւ այն կազմակերպել ունեցած հնարավորությունների գնահատման ու հավասարաչափ բաշխման սկզբունքով»,-ընդգծեց է Գուրգեն Ներսիսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Please enter a valid URL