Չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, որի մեխը, հիշեցնենք, նախկին իշխանությունների և հատկապես այդ իշխանությունների գործարար, ասել է թե՝ օլիգարխիկ հատվածի մերժումն էր, այսօր արդեն հեղափոխական իշխանությունները մեծ սիրով համագործակցում են մերժվածների հետ՝ վերջինիս պատկանող ընկերություններից հարյուրավոր միլիոնների գնումներ կատարելով: Այդ գումարները, իհարկե, վերջիններիս քսակ ուղղվում են պետական բյուջեից, ասել է թե՝ հպարտ հարկատուների գրպանից:
Այսօր կանդրադառնանք նրան, թե պետական որ կառույցներն են գնումներ կատարել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից:
Կառավարությունը 5 տարվա ընթացքում 6 արտոնություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն որքան բաժնեմասն է նրան պատկանում` հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ Տրված արտոնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1,5 միլիարդ դրամ։ Կառավարության մարտի 9-ի նիստում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային նոր արտոնություն տրվեց։ Ընկերությանը պատրաստվում են ազատել ներկրման մաքսատուրքից։ Ըստ նախագծի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում է 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, եւ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։
Պետական գնումներում այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային հիմքով ծախսային ենթաուղղություններից է անշարժ գույքի եւ սարքավորումների ձեռքբերումը։ Այս գնումներին մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։ ՀԿ-ի՝ մեզ տրամադրած որոշ տվյալներից պարզ է դառնում, որ ՊԵԿ-ը տիկին Մկրտչյանից տարածք է վարձակալում դեռեւս 2012 թվականից, համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2020 թվականը։
Բացի այդ, ԲԴԽ ղեկավարությունը 22 եւ 29 հատ օդորակիչ է գնել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութների ցանցից։ 29 հատ «12000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար վճարվել է 5 միլիոն 365 հազար դրամ, իսկ թվով 22 հատ «24000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար՝ 7 միլիոն 700 հազար դրամ։
Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Վեգա Ուորլդ»-ից Ռոմանոս Պետրոսյանի ՊՎԾ-ն 117,000 դրամի կտորից պայուսակ է գնել:
Սյունիքի մարզպետարանը 135,000 դրամի հուշանվերներ է ձեռք բերվել «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ից:
Առողջապահության նախարարությունը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությունից 262,014,700 դրամի ամբուլատոր-բժշկական ծառայություններ է ձեռք բերել
lurer.com