Search
Close this search box.

«Գեոպրոմայնինգի» ծանր հրետանին անօրինական կրճատումներ է անում, պետությունն անտարբեր է, աշխատողը՝ մենակ

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության աշխատակիցները ահազանգում են, որ  իրենք հայտնվել են անելանելի վիճակում: Ընկերությունում զանգվածային կրճատումներ են սկսվել: Իրավիճակի շուրջ  ArmLife.am-ը զրուցել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության աշխատակից, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Արարատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Կարեն Ադամյանի հետ:

-Արդեն տևական ժամանակ է, ինչ ընկերությունում ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է,   ինչից առաջին հերթին տուժում են աշխատակիցերը: Փաստորեն, ընկերությունն աշխատանքից ազատում է իր աշխատակիցներին՝ ոչինչ չառաջարկելով:

-Մայիս ամսից  Վարդենիսի գործարանից ընկերություն հումք չի գալիս, աշխատում են պահեստային հումքով ու կրճատումներ են: Այս տարվա մարտին հրաման փակցրեցին, ըստ որի մինչև սեպտեմբեր կկրճատեն 217 աշխատակցի, պատճառը այն է, որ բաց հանքի շահագործումը դադարեցվելու է, և անցնելու են փակ հանքի շահագործման, որի դեպքում հումքն ու մատակարարումը քչանում է և իրենք, ըստ այդմ, սեպտեմբերին   պայմանագրերը համարում են լուծարված:

Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ապրիլ ամսվա կրակոցները Վարդենիսում ստիպեցին, որպեսզի դադարեցվի նաև բաց հանքի աշխատանքն ու ընկերությունը սկսեց ավելի ակտուալացնել կրճատումների թեման, բայց այստեղ ներդրեցին մի մարտավարություն, որ եթե մեկը՝ իր ցանկության համաձայն դիմում է գրում և  աշխատանքից հեռանում է՝ իրեն վճարում են՝ որպես փոխհատուցում, երեք ամսվա աշխատավարձ: Բնականաբար , մի մասը դիմում գրեց՝ դուրս եկավ, իսկ մի մասին իրենք անուղղակիորեն դրդեցին դրան: Բայց «Գեոպրոմայնինգի» խնդիրները սրանով չէ, որ սկսվում են, սա ընդամենը վերջին արարն է՝ մեզ հայտնի:

-Իսկ ե՞րբ խնդիրները ի հայտ եկան, և ինչո՞ւ այդ խնդիրները լուծելու փոխարեն դրանք էլ ավելի խորացան՝ ոտնահարելով աշխատողների իրավունքները:

-Կոնկրետ խնդիրները սկսեցին  պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով ադրբեջանական ԶՈւ-ի վերահսկողության տակ անցան նաև Սոթքի հարակից տարածքները: Ու այստեղից ղեկավարության մոտ սկսվեց հոգեվարքի առաջին նշանները, դրանից հետո իրենք փորձեցին առաջինը ազատվել օպերատորներից, և եթե իրենք ցանկանում էին ազատվել ինչ-որ աշխատակցից՝  դա անում էին «Գեոպրոմայնինգ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Անդրեյ Ցվետկովի ձեռքով:

Այսինքն Անդրեյ Ցվետկովը նրանց ծանր հրետանին էր, որն էլ այդ պահին անցավ գործի: Աշխատանքից ազատման ծանուցագիրը մեզ ներկայացվել էր 2021 թ. դեկտեմբերի սկզբին, չասեմ՝ որքան  խախտումներով,  որովհետև ես երկու անգամ իրենց նամակով պատասխանեցի, դրանից հետո պարզ դարձավ, որ իրենց մոտ կա խնդիր  ամեն ինչը  իրավաբանորեն կամ իրավական տեսանկյունից ճիշտ ձևակերպելու, որովհետև եթե դու հաստիքը կրճատում ես՝ դու պիտի մարդուն համապատասխան աշխատանք ապահովես՝ ինտելեկտուալ և մասնագիտական հմտություններին համապատասխան: Եվ դա պիտի անես երկու ամիս առաջ․ իրենք մեզ դեկտեմբերի 6-ին կամ 7-ին ծանուցագիր ներկայացրեցին, որով մեր հաստիքները կրճատվելու են դեկտեմբերի 30-ին՝ այսինքն 20-25 օրվա տարբերությամբ, ոչ թե երկու ամսվա:

Օրենքը պահանջում է, որպեսզի իրենք աշխատաժամից 30-33 տոկոս ժամանակ տրամադրեն, որպեսզի աշխատողները կարողանան նոր աշխատանք փնտրեն և գտնեն: Նրանք դա էլ չարեցին:

Իսկ վերջին շրջանում գործարանում խնդիրները ավելի ցայտուն դարձան, հատկապես, երբ պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում դադարեցվելու  է բաց հանքի շահագործումը:

-Իսկ ինչ քայլեր եք ձեռնարկել դուք՝ ձեր  ոտնահարված իրավունքները պաշտպանելու ու վերականգնելու հարցում:

-Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզպետը հայտարարեց, որ փակ հանքում աշխատանքները սկսվել են: Այս թեմայով ես հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ մարդկանց հետ, բոլորին տեղյակ եմ պահել նույն Անդրեյ Ցվետկովի վարքի մասին, որովհետև պատերազմից հետո ցանկացած բան, ինչ տեղի է ունենում գործարանում, նրանք դրա համար մեղադրում են Նիկոլ Փաշինյանին:   Ամենաթողություն է,  իրենց համար տարբերություն չկա՝  դու դատի կտաս, թե չես տա, ամեն պատրվակով  ասում են` «спросите вашого Никола Пашиняна»:  Բնականաբար  այս ամենը   նրանք  անում են  նույն Անդրեյ Ցվետկովի ձեռքով:

Այստեղ կա նաև անձնական մոտիվացիա՝ իմ զայրութը հենց այդ անձնավորության հանդեպ է: Ես այս թեմայով հանդիպումներ եմ ունեցել նաև գործադիր տնօրենի հետ, «Արարատ» խոշորացված համայնքի համայնքապետի հետ, Արարատի մարզպետի հետ, նամակ եմ գրել վարչապետին  և իր հանձնարարությամբ հանդիպել եմ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ: Վերջինս ինձ հավաստիացրեց, որ իրենք ամեն-ինչ անում են, որպեսզի հումքի մատակարարումը չկրճատվի և կրճատումներ չլինեն: Ավելին, Սանոսյանը  հակառակը պնդեց՝ «Գեոպրոմայնինգն»  է ցանկանում կրճատումներ իրականացնել, որպեսզի հետո անցնի փակ հանքի շահագործմանը:

Բայց հետագայում պարզվեց՝ հումքի մատակարարումը քչացավ, հետո դադարեցվեց, բաց հանքի շահագործումը դադարեցվեց ավելի շուտ, քան  իրենք նախատեսել էին, իսկ հիմա Սոտքից հումք չի գալիս:

Սա այն դեպքն է, որ չգիտես՝ ով է ավելի շատ մեղավոր. երևի Ալիևը, որ կրակում ա: Արդեն մոտ 100 աշխատող է կրճատվել, բայց այս պայմաններում պետությունը ի՞նչ է անում: Ընկերությունը ինքը ունի սոցիալական պարտավորվածություն, բայց ինքն այս պահին ասում է՝ ֆորսմաժոր է մեր մոտ, պետությունն էլ, բնականաբար, ունի սոցիալական պարտավորվածություն, բայց ոչ մի բան չի ասում: Առայժմ ԱԺ-ում խոսում են միմիայն Վարդենիսի հանքի մասին, բայց այն, ինչը տեղի է ունենում «Արարատի» գործարանում՝ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում, կարծես թե ոչ մեկին չի հետաքրքրում:

Անտարբերության մեծ ալիք կա բոլորի կողմից, ինչի արդյունքում տուժում է աշխատողը: Չկան նոր աշխատատեղեր, եթե  100-200 մարդ կրճատվում է, ապա պետությունը ինչով է կոմպեսացնելու: Հիմա գործարանում կրճատվում են միայն ցածր դասի ներկայացուցիչները, այսինքն՝ վերևներից ոչ մեկ չի կրճատվում, գործարանը պատկանում է ռուսներին, իրենց ոչ ծախսերն են քչանում, ոչ կրճատումներ ենք նկատում իրենց մոտ, մի խոսքով՝ էլի անտարբերություն է, պետության կողմից ոչ մի հարց չի լուծվում,  պետությունը էս պահին թև ու թիկունք չի մեզ: Եվ քանի որ պետությունը բացակայում է  այս գործընթացի մեջ՝ տվյալ անձնավորությունը կարողանում է իրեն իրավունք վերապահել վիրավորելու  պետությանև նրա ղեկավարին: Ես ընդունեմ, թե  չնդունեմ պետության ղեկավարին՝ ինձ համար վիրավորական է տվյալ անձնավորության կողմից նման արտահայտություններ լսելը:

ArmLife.am

Please enter a valid URL