Սահմանային այսօրվա իրավիճակը ես կապում եմ նաեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում պետական խորհրդանիշների օրը նշելու հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ներկայացվում է իրավիճակը սրելու կամ ցույց տալու համար, որ հայկական կողմը ունի ապակառուցողական դիրքավորում եւ մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը: Այսօրվա դիպվածը ես կապում եմ նաեւ այս օրվա հետ, հաշվի առնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է պետական խորհրդանիշների օրը, իրենք փորձել են այս ձեւով եւս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը: Ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ նրանց նպատակը չի իրականացվել: Ցավոք, դիպուկահարի կողմից կա մեկ վիրավոր, իրենց նույնպես հայտնել են վիրավորի մասին»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ: Հակառակորդի կրակոցներին հայկական կողմը ունի մեկ վիրավոր՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող՝ Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.):
Նշենք, որ այսօր ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: