Ի՞նչ է ասում ՀՀ զինանշանը մեր ապագայի մասին։ Այս հարցադրումով սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը ԱԺ–ում 2022 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
«Գեղամ Մանուկյանն ասում է` կադաստրի թուղթ եք ման գալիս, ՀՀ զինանշանն է մեր կադաստրի թուղթը։ Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, սա նշանակում է, որ հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ»,– հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` զինանշանին պատկերված Հայաստանի 4 գահակալությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնած պետության հետ կապ չունեն։ Նույնը, ըստ Փաշինյանի, վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։
«Պատմական և իրական Հայաստանների մասին է մեր բանավեճը։ Այս հարցի պատասխանը պիտի տանք առանց կոնֆլիկտների։ Դուք տեսե՞լ եք, թե հիմա ինչ վիճակում են մեր մայրաքաղաքները. ավերակներ են, վատ վիճակում են։ Ձեզ չթվա, թե ձեզնից մեկն ավելի հայրենասեր է, քան մենք։ Կարող է ավելի ճոռոմ հնչի, բայց ես չեմ պատկերացնում մի մարդ, որն ինձնից ավելի հայրենասեր լինի։ Չի կարող նման բան լինել, դա բացառված է»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։
Նա խոստացավ իր ելույթի վերջում անդրադառնալ նաև ՀՀ օրհներգին։