2027 կամ 2028 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը կփակվի նաև երևանամերձ մարզերի համար։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ներկայիս կառավարությանը հաջողվեց, այսպես կոչված, շինարարական բում ապահովել։
«Հայաստանում շինարարական բում եղավ, որովհետև ներկայիս կառավարությունը որոշում կայացրեց, որ շարունակելու են հիփոթեքային վարկերի դիմաց եկամտահարկերի վերադարձը, և 2025 թվականին հունվարի 1-ից հետո Երևանում այդ համակարգը չի գործելու։ Բոլոր այն ներդրողները, որոնք գիտեին, որ Երևանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել, որովհետև 2022 թվականի 35 միլիարդ դրամը չէր գնալու ներդրում այդ ծրագրին»,– ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց` շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, որովհետև հաջորդ որոշումն է կայացվելու` նաև երևանամերձ մարզերում հնարավորությունը սահմանափակելու։ Վստահ է, որ այս բումը Երևանն ու երևանամերձ մարզերից հետո կհասնի ՀՀ ամենահեռավոր բնակավայրերը։
«Մենք այսօր տեսնում ենք այդ երևույթները, Կապանում ունենք նորակառույց շենքեր, այդ թվում` պետական ծրագրերով աջակցություն, որ գնողունակությունն ու շուկայում մրցունակությունը բարձրանա։ Մասիսում ունենք նորակառույց բնակարաններ»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` այսօր Հայաստանում մեծ թափ առած շինարարությունում օգտագործվում է այնպիսի տեխնիկա, որը 30 տարի շարունակ Հայաստանը չի տեսել։ Փաշինյանի խոսքով` դա ևս կառավարության որոշման շնորհիվ է։ Տնտեսության արդիականացման ծրագրով բոլոր ընկերությունների կողմից ձեռքբերվող տեխնիկայի համար ստացած վարկերի տոկոսները պետությունը սուբսիդավորվում է, հաճախ` զրոյացնում։ Շեշտեց` պայմանն է, որ տեխնիկան պետք է լինի ամբողջովին նոր` չօգտագործված։