Վտանգի, վախի զգացում և գործ տալու սովորական ՔՊ–ական վարքագիծ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես է բնորոշել իր հայտարարության վերաբերյալ Ազգային ժողովում ՔՊ պատգամավորի հարցն ու վարչապետի պատասխանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց էր ուղղել վարչապետին, թե արդյոք մտահոգություններ չկան Աղվան Վարդանյանի`«քաղաքական մահապարտների օգնությամբ հարցեր լուծելու» մտադրության առնչությամբ։ Փաշինյանը նշել էր, որ Վարդանյանի հայտարարությանը պետք է արձագանքեն իրավապահ մարմինները։
«Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար»,– ասել էր վարչապետը։ Ի պատասխան Աղվան Վարդանյանը հավաստիացրեց` իր ասած մարդկանց ցանկում ոչ մի ՔՊ–ական չի լինելու, հետևապես, նաև դասալիքներ չեն լինելու։ Նրա խոսքով` արդեն մոտ 200-250 հոգուց կազմված ցուցակ կազմել է, չի բացառում, որ ինչ–որ պահի կհրապարակի անունները` առանց նրանց հետ խոսելու։ Իրենք էլ կորոշեն` պատրաստ են կրելու այս պատասխանատվությունը, թե ոչ։
Հիշեցնենք` Աղվան Վարդանյանն ասել էր, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար պետք է ձևավորել քաղաքական էլիտա։ Շեշտել էր` պետք է պայմանականորեն ընդամենը 100 մարդ, որոնք 100 տոկոսով համաձայն կլինեն իրար հետ ու պատրաստ կլինեն գնալ մինչև վերջ, նույնիսկ` ինքնազոհաբերության։