Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Կախովկայի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած աղետի կապակցությամբ։ Նրա ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ուկրաինայի Խերսոնի մարզ։ Փաստաբան Սքոթ Մարտինը, որը համագործակցում է ՄՔԴ-ի հետ, «Вёрстка» պարբերականին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչ նոր մեղադրանքներ կարող են առաջադրվել Ռուսաստանին և նրա նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մարտինի խոսքով՝ դատախազները գործը կքննեն որպես հարձակում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա, որը հանգեցրել է մարդկային զոհերի, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված համատարած վնասի։
Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքի տեսակետից տուժած բոլոր շրջանները, այդ թվում՝ այժմ ռուսական զորքերի կողմից վերահսկվող շրջանները, Ուկրաինայի տարածքն են։ Փաստաբանը ենթադրում է, որ ՄՔԴ-ն նոր մեղադրանքներ կստանա նաև ռուս պատասխանատուների դեմ, այդ թվում՝ օկուպացված տարածքներում մարդկության դեմ հանցագործությունների համար։
Մարտինը նշել է, որ ՄՔԴ-ն կարող է պատասխանատվության ենթարկել մի շարք ռուս պաշտոնյաների՝ պաշտպանության նախարարության, ГРУ-ի (Գլխավոր հետախուզական վարչություն), ռազմական հետախուզության, ԱԴԾ-ի ղեկավարներին, տեղում գտնվող բարձրաստիճան հրամանատարներին, որոնք պատասխանատու են տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց դեմ հանցագործություններ կատարելու համար։
Նա հաստատել է, որ դատավարությունը չի կարող կայանալ, եթե մեղադրյալներին չբերեն Հաագայի դատարանի շենք։ Այնուամենայնիվ, նրանց ձերբակալության համար տրված միջազգային օրդերները կարող են բարդացնել նրանց ամենօրյա գործունեությունը, այդ թվում դիվանագիտական: