Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անդամները Երասխում են, որտեղ հունիսի 14-ին Ադրբեջանի վարած կրակի հետևանքով նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում Հնդկաստանի երկու քաղաքացի են վիրավրվել։
Լրագրողների և դիվանագետների հետ զրույցում 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը։
«Ձեզ հիմա կանգնեցրել ենք այնպիսի տեղում, որ հնարավոր լինի անվտանգությունն ապահովել, այստեղ պատ է։ 10 մետր այն կողմ, և արդեն հակառակորդի դիրքերից տեսանելի կլինենք»,– նշեց Բադասյանը։
Դիվանագետներից մեկը ճշգրտող հարց ուղղեց. արդյոք այս տեղն ամենաապահովն է գործարանի տարածքում։
«Պայմանականորեն` այո»,– նշեց կորպուսի հրամանատարը։
Նա հավելեց, որ իրենց կանգնած վայրից ընդամենը 400 մետր հեռավորության վրա արդեն հակառակորդի դիրքերն են։ Իրենք զրուցում են հենց այն վայրում, որտեղ հունիսի 14-ին վիրավորվել են Հնդկաստանի երկու քաղաքացիները։
«Նրանք ընդհանրապես զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական աշխատանքն էին կատարում։ Նույնը կարող է լինել ցանկացած երկրի ցանկացած քաղաքացու հետ հանրապետության ցանկացած վայրում»,– հավելեց զինվորականը։