Երասխում կառուցվող մետալուրգիական հայ-ամերիկյան գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է։ Այս մասին ArmeniaSputnik-ին ասել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Նրա խոսքով` գործարանից թշնամու դիրքեր հեռավորությունը մոտ 700 մետր է։
«Ամեն օր կրակոցներ լինում են, բայց այսպես չէ»,–ասաց նա և հավելեց, որ այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան։ Մարզպետն այցելել է Արարատի հիվանդանոց, տեսակցել վիրավորներին։
Նրանց վիրահատել են կրծքավանդակի հատվածում ստացած բեկորային վնասվածքների պատճառով։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։