Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Վերջինս ասաց, որ այս շաբաթ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
«Դատարանի այս կազմից, իհարկե, սպասելի էր նման որոշում, բայց այս գործի հանգամանքների համադրման արդյունքում նման որոշում չպետք է կայացվեր։ 2 դատական նիստ առաջ միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Մենք հաշվի էինք առել այն փաստը, որ գործով 15 վկաներից 11-ն արդեն հարցաքննվել էին»,-հավելեց նախկին նախարարի պաշտպանը։
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է 2022 թվականի սեպտեմբերից։