Search
Close this search box.

Ադրբեջանը էսկալացիայի հող է նախապատրաստվում. ՀՀ պաշտպանության փոխնախարարի պատասխանը

Սրանից 30 րոպե առաջվա դրությամբ եւ այս պահին եւս իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս պահին որեւէ զինատեսակից կրակոցներ չկան: Այդ մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երասխի ուղղությամբ Ադբեջանի կողմից կատարվող գործողություններին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը եւ առհասարակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում եւ որպես կանոն, դրան հաջորդում է որոշակի քայլեր: Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք եւ կշարունակենք տրամադրել»,-ասաց նա:

«Թե թիրախավորել են կոնկրետ այդ քաղաքացիներին, կամ գործարանը, կամ ինչ-որ տեխնիկա, եւ դրա արդյունքում վնասվել են այդ քաղաքացիները, կպարզվի հետագայում, որի վերաբերյալ լրացուցիչ հաղորդագրությամբ հանդես կգանք»,-ասաց նա:

Անդրադառնալով վիրավորված երկու օտարերկրացիներին, Արման Սարգսյանն ասաց, որ նրանք գտնվում են քաղաքացիական բուժհաստատություններում եւ նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտա առողջապահության նախարարությունը:

Հարցին, թե արդյոք սրանով Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի համար հող է նախապատրաստում, փոխնախարարն ասաց. «Չեմ կարող ասել լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր իրականացվում են, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացին եւ բացասական հետեւանքներ է առաջացնում եւ վնասում այդ գործընթացին, դա ակներեւ է: Որպես կանոն նմանատիպ դեպքերում, որոշակի էսկալցիայի համար հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, եւ նորից շարունակում են փոքր լոկալ խնդիրներ ստեղծել»:

Հարցին, թե արդյոք Երասխում ադրբեջանցիներն առաջ գալու միտում ունեցել են, Արման Սարգսյանը պատասխանեց. «Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դրանք հեռահար կրակոցներ են, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, և մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»,- ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ը և բոլոր շահագրգիռ պետական մարմիններն այս երևույթին արձագանքում են: «Անընդհատ մենք տեղեկատվություն տրամադրում ենք, տեղեկատվության վերլուծությամբ ակնհայտ կդառնա, թե որն է իրական նպատակը: Սակայն նպատակը, կարծում եմ, լարվածություն ստեղծելն է, և, փառք Աստծո, որ մենք զոհեր կամ ավելի լուրջ վնասվածներ չունենք: Այլ մանրամասների չեմ տի րապետում»,- ասաց Արման Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բանակի՝ ադրբեջանական գործողություններին պատրաստ լինելուն, ապա նա նշեց հետևյալը. «Բանակն ունի իր առջև դրված խնդիրները, և, ըստ իրադրության, այդ խնդիրները փոխվում են: Ամեն դեպքում, բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»:

Please enter a valid URL