Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման ու բանակցությունների հետաձգման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր այս շաբաթ Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 12-ին Վաշինգտոնում, հետաձգվել է Բաքվի խնդրանքով։

«Ցավոք, այս հանդիպումը չկայացավ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք, որ այն տեղի կունենա որքան հնարավոր է շուտ», — ասաց Միլլերը:

Ինչպես նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը։ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ ուղղակի երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման բանալին է: «Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նախորդ նախարարական բանակցությունները Վաշինգտոնում տեւել են 4 օր (մայիսի 1-4)։ Նրանք երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Please enter a valid URL