Search
Close this search box.

«Հրապարակ»․ Ադրբեջանցիների ցուցակում կան իմ, Վիտալի Բալասանյանի, այլ գեներալների անունները

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակին» հասած տեղեկությունների համաձայն՝ Բերձորի անցակետով թույլ չեն տալիս անցնել արցախյան երկու պատերազմների մասնակիցներին։ Մեզ Արցախից պատմեցին, որ ադրբեջանցի զինվորականները հայտարարել են, թե վերջիններս իրավունք չունեն դուրս գալ Արցախից, մինչեւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակումը, դատավարությունների կամ քրեական գործերի ավարտը, որոնց ընթացքում նրանք կա՛մ կդատապարտվեն, կա՛մ կարդարացվեն եւ կկարողանան դուրս գալ Արցախից։

Մեզ այդ մասին պատմեց այս պահին Արցախում գտնվող պատերազմի մասնակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, քանի որ ադրբեջանցիները սպառնում են իրեն եւ իր ընտանիքին։ «Ընտանիքիս անվտանգությունից ելնելով եմ խնդրում անունս չհրապարակել, սակայն, այո, դա ճիշտ է։ Իմ տեղեկություններով, ադրբեջանցիների մոտ կա 500 հոգու անունով ցուցակ։ Ցուցակում կա նաեւ իմ անունը․ ինձ փոխանցել են, որ Վիտալի Բալասանյանի անունը եւս կա, ու ոչ միայն արցախցիներին են ներառել այդ ցուցակի մեջ, այլեւ բազմաթիվ հայաստանցի գեներալների, հրամանատարների անուններ»,- ասաց մեր զրուցակիցը։

Հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ օկուպացված Ակնայում այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում, եւ բնակելի շենքերի հետ միաժամանակ Ալիեւը նաեւ հսկայական բանտ է կառուցում, որտեղ պահվելու են ադրբեջանցի դատապարտվածները, բայց հնարավոր է, որ նախատեսված է նաեւ պատերազմի հայ մասնակիցներին, զինվորականներին պահելու համար։ Ադրբեջանի՝ հեռուն գնացող այս պլանների մասին տեղյակ են նաեւ Արցախում։ Մեր զրուցակիցը շեշտեց, որ լուրերն այդ մասին վաղուց են պտտվում, եւ ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ բանտային համալիրը կառուցում են հետագայում այնտեղ ձերբակալված հայերին պահելու համար։ Սա եւս մեկ ապացույց է, որ Ադրբեջանի հետ ինտեգրումը բացառված է, եւ համատեղ ապրելու ծրագրեր կազմողներն ուղղակի չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում հայերին՝ Ադրբեջանի գերիշխանությունն ընդունելուց հետո։

«Հրապարակի» հետ զրույցում Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ նման լուրեր ադրբեջանցիները սկսել են տարածել պատերազմից անմիջապես հետո։ «Նման հոխորտանքներ կան, ու դրանք նոր չեն։ Ես այդքան չեմ տրվում իրենց ինֆորմացիոն դաշտին, շատ մանրամասներից տեղեկացված չեմ, իրենց հոխորտանքներում միշտ եղել է, որ կառուցելու են, ձերբակալելու են։ Դա ինֆորմացիոն ճնշում է երեւի, որովհետեւ դրան զուգահեռ իրենք խոստանում են համաներում, եթե, օրինակ, մենք հանձնվենք իրենց։ Այնպես որ, դա ես ավելի շատ ճնշում եմ համարում, չնայած դա հեռու չէ իրականություն դառնալուց, եթե շարունակվի այսկերպ»,- ասաց Հակոբյանը։
Թե որ տարածքում է իրականացվում բանտի շինարարությունը, Հակոբյանն ասաց, որ կոնկրետ տեղի մասին պատկերացում չունի, բայց որ նման բան կա՝ շատ հավանական է համարում։

Please enter a valid URL