25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
35-ամյա Վարազդատ Գասպարյանի` քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկի» սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 6-ին` ժամը 22.07-ին, Բաղրամյան պողոտայի 49/2 հասցեում հայտնաբերել է 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
«Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերոհիշյալ հասցեի մոտակայքում Երևանի Նար-Դոսի փողոցի 25-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող, դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Վարազդատ Գասպարյանի ուղղությամբ, որը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ձեռք բերված նյութերի ` Նար-Դոսի փողոցի 25-ամյա բնակիչը, դեռևս չպարզված հարցի շուրջ անհամաձայնություններ ունենալով Վարազդատ Գասպարյանի հետ և նախապես պլանավորելով սպանել նրան, երեկոյան ժամը 8-ի սահմաններում որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի մեքենայով գնացել է Երևան քաղաքի Ջեյմս Բրայսի փողոց, որտեղ դարանակալել է և, հարմար պահն օգտագործելով, կրակել ու սպանել է Վարազդատ Գասպարյանին:
Այսօր 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:
Հիշեցնենք` 2021 թվականի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում` ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայից:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:
Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք։