Search
Close this search box.

Գիտակրթական «դեսանտ» է ժամանել ՀՀ մայրաքաղաք

Այսօր Երևանի պետական համալսարանի հարթակում մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը որպես տնտեսության արդիականացման շարժիչ» խորագրով հայ-ռուսական գիտակրթական համաժողովը:
Դրան մասնակցելու համար Ռուսաստանի 34 համալսարանների և 21 գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված գիտակրթական «դեսանտ» է ժամանել ՀՀ մայրաքաղաք։
Քննարկման թեմաները լուրջ են, դրանց թվում հիմնականում կրթության և գիտության ոլորտում համատեղ նախագծեր են, իսկ գործնական աշխատանքը սկսվել է համաժողովի առաջին իսկ րոպեներից։

Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը հյուրերին բարևեց հայերեն, և վերջիններս որոշեցին ցույց տալ, որ հայերեն որոշ բառեր գիտեն: Այսպես, Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին նկատեց, որ հայերեն «բարեկամություն» բառը լավ է բնութագրում երկու երկրների հարաբերությունները: Իսկ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը որոշեց ավելի հեռուն գնալ և արտասանեց «կենաց» բառը։
Բանախոսները հավաքվածներին զարմացրին նաև աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանից, գրողներ Հրանտ Մաթևոսյանից և Դերենիկ Դեմիրճյանից մեջբերումներով:

Համաժողովի ռուս մասնակիցների խոսքով՝ այդ գիտելիքները միջմշակութային և կրթական սերտ կապերի վկայությունն են, որոնք պետք է խորացնել և ընդլայնել, այդ թվում՝ նմանատիպ համաժողովների միջոցով:
«Ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է Հայաստանում, ինչպես մեզ մոտ շատ մեծ է հետաքրքրությունը Հայաստանի մշակույթի նկատմամբ։ Եվ այս համաժողովը կարող է լավ փոխգործակցության կետ դառնալ», – ասաց Կրավցովը։

Նախարարը հույս ունի, որ Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն ոչ միայն դպրոցական, այլև միջին մասնագիտական կրթության մակարդակով:

Իսկ ահա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին կարծում է, որ հայկական և ռուսական գիտության լավագույն ներկայացուցիչները, որոնք հավաքվել են համաժողովին մասնակցելու, կկարողանան մանրամասն քննարկել առկա բոլոր համատեղ նախագծերը, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

«Համոզված եմ, որ այս համաժողովը խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,-ասաց նա:
Մոսկվայի Մ. Վ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին իր հերթին ընդգծեց, որ կողմերը լուրջ նշանակություն են տալիս համաժողովին և հատուկ ուշադրություն են դարձնում դրան, քանի որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ ոչ միայն գիտակրթական շրջանակների, այլև ընդհանրապես երկրների միջև փոխգործակցության զարգացման համար: Նա առաջարկեց հաջորդ համաժողովն անցկացնել 2024 թվականի գարնանը Մոսկվայում։

«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության, փոխշահավետ գործընկերության բոլոր երկրների և ամբողջ գիտական հանրության հետ»,– նշեց Սադովնիչին:

Իսկ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը որոշեց «մի գդալ լեղի ավելացնել մեղրի տակառին»։ Նա փաստեց, որ Ռուսաստանում հայաստանցի ուսանողներն այնքան էլ շատ չեն, իսկ Հայաստանի բուհերում այդքան էլ շատ չեն ռուսաստանցիները: Շվիդկոյը կարծում է, որ այս բացը պետք է լրացնել, ուստի անհրաժեշտ է մանրամասն խոսել այս խնդրի մասին։
«Երկու օր շարունակ քննարկվելու են բնական գիտությունների ոլորտում գիտական փոխգործակցության հարցեր, բայց առանց արժեքների ոչ մի գիտելիք մարդկանց մարդ չի դարձնում։ Այս առումով մենք նաև մշակութային փոխգործակցության հսկայական փորձ ունենք»,-ասաց ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Please enter a valid URL