ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը ճակատագրական այս հանգրվանում Համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 26-րդ Գերագույն ժողովի տարածած հայտարարությունում:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Սիրելի հայրենակիցնե՛ր,
Հայ ժողովուրդը և Հայոց պետականությունը կանգնած են գոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։
Հայաստանի իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը, ՀՀ Անկախության հռչակագրից բխող հանձնառություններից և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականություններից հրաժարվելը, թուրք-ադրբեջանական պարտադրվող զիջումներն ընդունելու և հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականությունը կործանարար է։
Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու Հայաստանի պետականության ապագան։
Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական և քաղաքական լեգիտիմություն, այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և անխուսափելիորեն ապակայունացնելու և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։
Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումը օրախնդիր է և համազգային առաքելություն։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը ճակատագրական այս հանգրվանում ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱՇԱՐԺԻ կոչ է հնչեցնում։
Սթափվելու, ընդվզելու, մեր ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏՈՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀՆ Է։
ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ Չէ
Մենք համոզված ենք՝
իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա,
հաստատում ենք՝
ներազգային համերաշխության վերահաստատումով և համահայկական ներուժով կարող ենք և պարտավոր ենք՝
Վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը,
Վերականգնել երկրի անվտանգային համակարգը, ազգ-բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու Հայոց բանակի մարտունակությունը․
Արդյունավետ օգտագործելով միջազգային իրավունքն ու միջազգային հարթակները, համադրելով տարածաշրջանում հետապնդվող աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների զորակցությունն ու դիվանագիտական ռեսուրսները՝ պաշտպանել և առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերը,
Միջազգային իրավունքի համատեքստում մերկացնել և դատապարտել Ադրբեջանի հանցագործություններն՝ ուղղված մարդկության և կոնկրետ հայ ժողովրդի դեմ,
Կասեցնել մեր ազգային ինքնությունը քայքայող օտարածին ծրագրերը, երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, հանրային համերաշխություն և արդարություն,
Համահայկական ուժերի մեկտեղումով զորացնել Հայաստանի կարողականությունները, ստեղծել ուժեղ և մրցունակ պետություն, որն անզիջում դիմադրությամբ կկանխի թուրք-ադրբեջանական տանդեմի հետապնդած Արցախի բռնակցման, հայաթափման և Հայաստանին կենսական զիջումներ պարտադրող պանթուրքական ծրագրերը։
Աներկբա է՝ վերը նշված մարտահրավերները դիմագրավելու և ստեղծված իրավիճակում հանգուցային բեկում մտցնելու նախապայմանը ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը։
ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն ու ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորմանը։