Search
Close this search box.

Տավուշում ՊՆ N զորամասի շտաբի պետն ու ընկերները հարվածել և հայհոյել են պարեկներին․պատճառը հայտնի է

Տավուշի մարզում, հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն կատարելիս, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարում է երեխա, ով 13-ամյա Վրեժ Խ․-ն է։

Երբ պարեկները փորձել են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր՝ 20-ամյա Վարդան Պ․-ն փորձել է պարեկներին համոզել, որպեսզի չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։ Նա նաև հայտնել է, որ մեքենան էլ ուրիշ մարդու չի պատկանում՝ պաշտոնյայի է։

Պարեկներն, այնուամենայնիվ, ավտոմեքենան տեղափոխել են Ոստիկանության Բերդի բաժին։

Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ, մի պահ կանգ են առել և այդ պահին ռեստորանից դուրս են եկել մի խումբ անձինք, այդ թվում զինվորականներ, և նրանց մեջ է եղել նաև 38-ամյա Միհրան Խ․-ն։

Վերջինս մոտեցել է պարեկներին և պահանջել որ տեսախցիկներն անջատեն։ Պարեկների կողմից մերժում ստանալով, նա սկսել է հայհոյանքներ հնչեցնել։ Այդ պահին ևս 2 հոգի, որոնցից մեկը, կայքի տեղեկություններով՝ Միհրան Խ․-ի հորեղբոր որդի 23-ամյա Գագիկ Պ․-ն է, հարձակվել են պարեկների վրա և ձեռքերով հարվածներ հասցրել նրանցից մեկին։

Պարեկները, ստիպված, կիրառել են հատուկ միջոց՝ ցրիչ պղպպեղային միջոց և ձեռնաշղթա։

Ի վերջո՝ պարեկներին հաջողվել է նրանց տեղափոխել Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ այդ 3 անձինք ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Միհրան Խ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես շտաբի պետ։

Նշված անձինք ձերբակալվել են։

Please enter a valid URL