Search
Close this search box.

«Հայաստանը շատ ցավոտ, բայց իր քայլը արել է». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից հոդված տարածաշրջանային իրավիճակի մասին՝ կարդալը խորհելու լավագույն տարբերակ համարողների համար։ Եվ ուրեմն, Հայաստանը համաձայնել էր, իսկ Ադրբեջանը խնդրեց հետաձգել ԱԳ նախարարների հունիսի 12-ի հանդիպումը Վաշինգթոնում։ Նախորդ հանդիպմանը կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել էին, համապատասխանաբար 29800 և 86600 ք/կմ, ներառյալ Արցախը։ Այս փուլում բանակցային թեման Արցախում բնակվող էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների ճանապարհային քարտեզին և քայլերին էր վերաբերելու, որը, իմ համոզմամբ, շատ չէր տարբերվելու կոսովյան խաղաղապահ առաքելության տեղակայման տարբերակից։ Այդպիսի կոնֆլիկտների հարթումը սկսվում է տարածքի ապառազմականացումից, որի մասին վերջերս ակնարկներով խոսում են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ները։ Այդ թեմայի քննարկումը, բնականաբար, չի բխում ՌԴ շահերից, որովհետև միջազգային խաղաղապահների մուտքը տարածաշրջան, Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը կնշանակի ՌԴ ամբողջական դուրսմղում Հարավային Կովկասից։ Այլևս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգային համակարգերում ՌԴ-ն զրկված կլինի ազդեցության լծակներից։ Միջազգային խաղաղապահների խնդիրը վիճահարույց է նաև Ադրբեջանի համար։ 2025-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են և 10-15 տարի ժամկետով միջազգային խաղաղապահների ներկայությունը ու Արցախի էթնիկ հայ բնակչության իրավունքների քննարկումը լուրջ խնդիրներ կառաջացնեն Բաքվի սուլթանի վերընտրության առումով։ Միևնույն ժամանակ՝ վաշինգթոնյան բանակցություններից երկար խուսափել չի ստացվելու, և Ադրբեջանը բարդ ընտրության առջև է՝ ընդառաջ գնա՞լ նոր աշխարհակարգի պահանջներին, որ անբեկանելի է դարձրել ռուս-ուկրաինական պատերազմը, թե՞ տեղավորվել ռուսական ռազմանավում, որի ուղեծիրը պատերազմի առաջին օրը նշեցին և որին միացավ քաղաքակիրթ աշխարհը։ Հայաստանը շատ ցավոտ, բայց իր քայլը արել է, ու գնդակը Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դաշտում է։ Համոզված եմ, որ Ադրբեջանը և ՌԴ-ն ուղիղ զգուշացվել են, որ նոր ագրեսիայի հրահրումը կբերի Արցախի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման՝ ածանցյալ բոլոր հետևանքներով: Ակնհայտ է նաև, որ 2020-ի պատերազմից հետո Մեղրու միջանցքի խնդիրն ուժով չլուծվեց միմիայն Արցախի ճանաչման հեռանկարից և պատժամիջոցների կիրառումից վախենալով։

Հայաստանը համաձայնեց շատ ցավոտ քայլի, որովհետև մեր ռազմավարական դաշնակիցը խնդրի լուծման մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակի կողմնակից է, նոր դաշնակիցները, որ իզորու են ազդել Ադրբեջանի վրա և վերականգնել մեր ռազմական բալանսը, խնդիրների լուծման այդպիսի տարբերակ են կիրառել բազում տեղերում և, բարեբախտաբար, արդյունքները վատը չեն։ ՀՀ-ին ևս 3-5 տարի երաշխավորված խաղաղություն է պետք, համոզված եմ, որ դրանից հետո սահմանային ընդհարումներից ու անկայունությունից բողոքելու է Ադրբեջանը։ ՌԴ-ն մեծ հաշվով պարտվում է և պարտվելու է իր սկսած պատերազմում, Պուտինից հետո հերթը հասնելու է այլ բռնապետների: Ադրբեջանը դա հաշվի չառնել չի կարող։ Վստահ եմ, որ Հաագայի դատարանի որոշումը միանշանակ ի կատար է ածվելու, իսկ ձգձգումը թանկ է նստելու ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Հեյդար Ալիևի հիշատակի վրա։ 3+3 ձևաչափի ծրագրերով տարածաշրջանից Արևմուտքին դուրս մղել փորձող բոլոր լիդերները չեն ներվելու և պատժվելու են։

Հ.Գ.
Երանի արդարներին, նրանք Աստծո աջակցությունն են ունենալու։
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Խնդիրը ժամանակն է ու ժամանակի նպատակային օգտագործումը»:

Please enter a valid URL