լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Տավուշի մարզի դպրոցներում դրամահավաքության չափերից «անտեղյակ» մարզպետը
Տավուշի մարզից սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները ինձ դժգոհել են,որ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ հանրակրթական դպրոցներում մեծ չափերով դրամահավաքություն է եղել։
Այդ փողահավաքությունը կատարվել է դպրոցների ծնողական կոմիտեների նախաձեռնությամբ, սակայն ծնողական կոմիտեները դպրոցների տնօրենությունների հետ այդ գործում ներդաշնակ են գործում։ Սոցիալապես անապահով ծնողները դժգոհել են, որ «Վերջին զանգի» կապակցությամբ իրենց զավակների համար գնված շորերի փողին գումարվել են ավարտական ճոխ քեֆի, դպրոցի տնօրենի, դասարանի դասղեկի համար գնված նվերների, տեսանկարահանման, լուսանկարահանման և այլ ծախսերի գումարները։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե դպրոցական « Վերջին զանգի» կապակցությամբ մարզի դպրոցների շրջանավարտները միջինը ինչքա՞ն ծախս են կատարել։
Մարզպետ Հայկ Ղալումյանը պատասխանել է․ ««Վերջին զանգ» միջոցառման կապակցությամբ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների կատարած ծախսերը որոշում է տվյալ դպրոցի ծնողխորհուրդը»: