ՌԴ մի շարք շրջաններում «Միստր Սիդր» ըմպելիքով զանգվածային թունավորման քրեական գործի շրջանակում 3 անձ է ձերբակալվել։
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հայտնել էր, որ «Միստր Սիդր» ապրանքանիշով իրացված, կյանքի համար վտանգավոր ալկոհոլային արտադրանքի ապօրինի շրջանառության ուղիների հայտնաբերման ընթացքում ոստիկանները պարզել են, որ Սամարայի մարզում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության տնտեսական և սպասարկման աջակցության կենտրոնի պահեստից սպիրտ պարունակող հեղուկ են գողացել։ Խմբաքանակը առգրավվել է ստուգողական միջոցառումների ընթացքում և պահեստում պահվել է 2012 թվականից: Դրա համար ձերբակալվել են Սամարայի երկու բնակիչ ու պահեստը հսկող ոստիկանության սերժանտը։
ՌԴ քննչական կոմիտեն պարզել է, որ 2023 թվականի մայիսին Դմիտրի Եգորովը և նրա հայրը՝ Ալեքսեյ Եգորովը, ոստիկան Իվան Գրեբենկինի հետ «Ռուսաստանի ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչության տնտեսական և սպասարկման ապահովման կենտրոնի» պահեստից գողացել են վեց տոննա մեթիլ սպիրտ և վաճառել Արտյոմ Հայրապետյանին։ Հայրապետյանն իր հերթին այդ սպիրտը մատակարարել է «Անդի» ՍՊԸ-ի հիմնադիր Անար Հուսեյնովին։ Արդյունքում թունավոր նյութն օգտագործվել է սիդր պատրաստելու համար։
Հայրապետյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 3-րդ մասով (ոչ անվտանգ ծառայությունների մատուցում․ խմբ.): Եգորովների ու Գրեբենկինի դեմ Գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ալկոհոլի գողության փաստով: Գրեբենկինն ու Դմիտրի Եգորովը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել գողության հոդվածով, նրանք ընդունել են իրենց մեղքը: Ալեքսեյ Եգորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- ավելացրել է ՔԿ-ն։
Հետաքննությունը պահանջում է դատարանից կալանավորել ձերբակալվածներին։