ՀՀ քաղաքացիների միայն 18,8%-ն է դրական գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Այս մասին է վկայում MPG/Gallup International Association-ի անցկացրած հարցումը, որն անցկացվել է Հայաստանում հեռախոսային զանգերի միջոցով 1 100 քաղաքացու շրջանում մայիսի 27-31-ը։ Փաշինյանի գործելաոճը հարցվածների 5,4%-ը լիովին դրական է համարում, 13,4%-ը՝ ավելի շուտ դրական, 24,2%-ը՝ ավելի շուտ բացասական, 47,1%-ը՝ ամբողջությամբ բացասական, 10%-ը դժվարանում է գնահատել։
Հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն, հարցվածների 41.0%-ը պատասխանել է, որ միանշանակ անհրաժեշտ է, 18.9%-ը՝ ավելի շուտ անհրաժեշտ է, 12.2%-ը՝ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 19.5%-ը՝ ընդհանրապես անհրաժեշտ չէ, 8.5%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցման ժամանակ քաղաքացիներին առաջարկվել են որոշ դատողություններ, որոնց հետ նրանք կհամաձայնեն կամ ոչ։
Այսպիսով՝ «Նիկոլ Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ քաղաքականություն արևմուտքի և Ռուսաստանի հետ» արտահայտության հետ համաձայն է հարցվածների 32.8%-ը։ «Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել Եվրոպայի, Արևմուտքի և ՆԱՏՕ-յի շրջանակներ» արտահայտության հետ՝ 20.5%-ը, «Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ» արտահայտության հետ՝ 14.7%-ը, «Նիկոլ Փաշինյանի գործողություններն ուղղված են դուրս մղելու Ռուսաստանի ներկայությունը Հայաստանից» արտահայտության հետ՝ 12.9%-ը։ 19.0%-ը դժվարացել է պատասխանել։