Search
Close this search box.

Արագածավանում երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ

Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և անձն արգելանքից ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով, այն հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել անձին, կալանք չի նախատեսվում, հետեւաբար նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:

Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

Հիշեցնենք, որ միջադեպը հրահրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը եւ պահանջել, որ Սուրեն Թորսոսյանը ներկայանա եւ պատասխան տա իր արածի համար:

Please enter a valid URL