Հայաստանում 2017-ին արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 92 դեպքով կամ 130 տոկոսով աճելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք, այն դեպքում, երբ 2016-ին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք: 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Նրա խոսքով` 2017 թվականին միայն կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձ` 65 տոկոսով ավելի, քան 2016-ին:
«Աճել են նաև պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը: Եթե 2017 թվականին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատի են տրվել 56 պաշտոնատար անձինք, ապա 2016-ին նրանց թիվը ընդամենը 26 էր»,- նշեց Դավթյանը:
Գլխավոր դատախազը նշեց, որ տվյալ հանցագործությունների բացահայտումները վկայել են պետական մարմինների որոշ տարաբաժանումներում կոռուպցիոն դրսևորումների մասին:
«Այս փաստերը ևս մենք հրապարակել ենք հանրության համար: Դա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական հանձնաժողովի, Վանաձոր քրեակատարողական հիմնարկի և «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի կոռուպցիոն բացահայտումներն են: Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24 ժամյա աշխատանք է։ Դատախազության համար շատ կարևոր է, որ այս պայքարն ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը»,- եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազը: