Գեղարքունիքի մարզում, հունիսի 8-ին, դետեկտիվ ժանրի վնասազերծման դեպք է տեղի ունեցել. ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, անհասկանալի արտահայտություններ է արել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը հեռախոսի մյուս կողմում լսել է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ, նաեւ լսել է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվել է։ Զանգահարողը չի հայտնել նաև, թե որտեղից է ահազանգել։
Օպերատիվ կառավարման կենտրոնից հետադարձ զանգին բղավոցով պատասխանել է մի կին և հայտնել, որ թյուրիմացություն է, երեխան պատահաբար է զանգահարել, դա չի համապատասխանում իրականությանը։
Կարճ ժամանակում ոստիկանները պարզել են, որ ահազանգը հնչել է Գեղարքունիքի մարզից և տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։
Պարզվում է, որ ահազանգը հնչել էր Լեռնակերտ գյուղի բնակիչ Կառլեն Մ․-ի բնակարանից։
Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տանից։
Ոստիկանները տան այգում, խոտերի մեջ հայտնաբերել է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Արդեն զննությամբ տոպրակում հայտնաբերվել են 2 հատ «Ֆ-1» նռնակներ իրենց պայթուցիչներով։
Ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում Կառլեն Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաներին և քննիչներին է ներկայացրել 1 հատ 4 լիտր տարա, որի մեջ եղել է 181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ եղել է դեղնականաչավուն հեղուկ։ Հայտնաբերվել են նաև կանեփի զանգված ծխելու համար, տարբեր չափերի պլաստմասե շշեր և 1 հատ ներարկիչ։
Արդեն փաստերի ճնշման տակ Կառլեն Մ․-ն հայտնել է, որ հայտնաբերված կանեփաման զանգվածը պատկանում է իր որդի Արտյոմ Մ․-ին, ով այն օգտագործել է:
Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։