Search
Close this search box.

Ինչու հետաձգվեցին Վաշինգտոնում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցությունները. «Ամերիկայի ձայն»

Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Պետքարտուղարությունից հավելել են, որ Վաշիգտոնը «իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած առաջնորդների հանդիպման առնչությամբ»:

«Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում:

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվել են։

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- գրել է արտգործնախարարության մամլո խոսնակը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն փոխանցել է, թե այժմ ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների շուրջ:

«Հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է նա:

Հարավային Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանն «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն արձագանքել է, թե «տարբեր մակարդակներում և մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցությունների մի քանի փուլից հետո, քննարկումները թևակոխել են վճռական մի շրջան, երբ պետք է կայացվեն կարևոր որոշումներ՝ խաղաղության ապագա համաձայնագրի կարևոր մասերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի և հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ»:

Վերլուծաբանի կարծիքով, բանակցությունները հետաձգելու Բաքվի խնդրանքը, հավանաբար, վկայում է, որ Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվել կարևոր այս հարցերի առնչությամբ։

«Այժմ՝ շատ կարևոր է շարունակել բանակցությունները բոլոր կողմերի հետ: Հուսով ենք, Վաշինգտոնը կշարունակի այդ անել՝ իր եվրոպացի գործընկերների հետ»,- ընդգծել է Վարդանյանը:

Իր հերթին, Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտի Ռուսաստանի և Եվրոպայի գծով ծրագրերի տնօրենի պաշտոնակատար Հեդեր Էշբին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ևս կարևորել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ ներգրավվածությունը խնդրի կարգավորմանը: Իր գրավոր պատասխանում Էշբին ընդգծում է՝ «Մինսկի խմբի փլուզումից ու, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, խաղաղ բանակցությունների համար չափազանց կարևոր է, որ լինեն վստահելի և ակտիվ միջնորդներ, որոնք կարող են սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ զգայուն հարցեր քննարկելու համար»:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում ուշադրությունը կենտրոնացած է լինելու երկու հիմնական ոլորտներին: Առաջինը՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է ու Բաքվի կողմից ղարաբաղահայությանն անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերը:

Ըստ նրա՝ «Դա կօգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում վստահություն ստեղծելուն»:

Մյուս ոլորտը, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքի շուրջ քննարկումներն են:

«Ռուսաստանը և Իրանը երկուսն էլ շահեր ունեն այս միջանցքի հարցում և կփորձեն ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, որպեսզի համոզվեն, որ տրանսպորտային երթուղին չի հակասում նրանց շահերին տարածաշրջանում: Ռուսաստանի համար տրանսպորտային այս միջանցքն ավելի կարևոր է»,- պնդում է նա:

Վերլուծաբանի կարծիքով` բանակցությունները կարելի է համարել հաջողված, եթե կողմերը համաձայնության գան շարունակել հանդիպումները բարձր մակարդակում, ավելի լավ ընկալեն միմյանց դիրքորոշումները և բարդ հարցերի շուրջ արձանագրեն առաջընթաց քննարկումների ընթացքում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն «միջանցք» եզրի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ։ Եթե Բաքուն շարունակաբար օգտագործում է «միջանցք» եզրը Ադրբեջանից Նախիջևան կապող ուղու մասին խոսելիս, այն կոչելով «Զանգեզուրի միջանցք», ապա պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է, և Հայաստանը իր տարածքով անցնող որևէ միջանցք չի պատրաստվում տրամադրել:

Please enter a valid URL