Search
Close this search box.

Երբ պարզում ես անձնագիրդ ադրբեջանական կողմին, նշանակում է սկսվել է ինտեգրման առաջին փուլը

Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով մարդկանց տեղափոխումը թույլ տալով Արցախի իշխանությունը լեգիտիմացնում է այդ կամրջի գործունեությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ Արցախը-Հայաստան անխափան ցամաքային կապը կարմիր գիծ է, որն Ադրբեջանը հատել է դեկտեմբերի 12-ին, այնուհետեւ՝ Հայաստանի իշխանությունը, եւ ստացվում է այնպես, որ դա անում է նաեւ Արցախի իշխանությունը։

«Արցախի իշխանությունները ճիշտ չեն վարվում եւ, ըստ էության, լրիվ հակառակը խոսելով, իրենք եւս հատում են այդ կարմիր գիծը։ Բազմիցս փորձել ենք ճշտում մտցնել, թե ինչպես է որոշվում այդ անձանց տեղափոխումը՝ հատկապես, որ մի ստվար զանգվածի համար անգամ հիվանդների տեղափոխությունն ընդունելի չէ, եւ որ նույնիսկ այս պարագայում բացառություններ չպետք է արվեն՝ թեպետ այս պարագայում կարծիքները կիսվում են զուտ մարդասիրական նկատառումներով»,- նշեց Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ Արցախի իշխանությունը պետք է պահպանի բնակիչների որոշումը։ Արցախի 120 հազարանոց ժողովուրդը հայտարարել էր իր կարմիր գծի մասին, բայց հիմա կատարվում է հակառակը։

«Մենք այս ամիսների ընթացքում ունեցել ենք ցուրտ ու սոված բազմաթիվ օրեր, անգամ ռուս խաղաղապահների համար է փակ եղել ճանապարհը, բայց մենք պատրաստ ենք եղել զրկանքների, որպեսզի չօգտվենք ճանապարհից, որն անօրեն կերպով փակել է Ադրբեջանը։ Սա հենց ինտեգրման առաջին փուլն է, որն Արցախում սկսվել է, երբ դու պարզում ես քո անձնագիրն ադրբեջանական կողմին, իրենից ստանում թույլտվություն, որովհետեւ տեղեկություն ունենք, որ կան քաղաքացիներ, որոնց վերադարձը մերժվել է։ Ստացվում է, որ Ադրբեջանն է որոշում Արցախից ով գնա դուրս, ով ներս գա, այստեղ որեւէ որոշիչ դեր չունեն Արցախի իշխանությունները, եւ այս պարագայում օգտվել այդ ճանապարհից նշանակում է համաձայնել Ադրբեջանի խաղի կանոններ»,- ընդգծեց պատգամավորը։

Please enter a valid URL