Search
Close this search box.

Հստակ մարդկանց ասեք՝ տուգանվելու են, թե ոչ․ ես գիտեմ պատգամավորի, որին կանգնեցրել, զգուշացրել են, իր ձեռքով պոկել է մգեցնող թաղանթը, բայց տուգանել են․ Գեղամ Մանուկյան

Թեև ասում են, որ մգեցնող թաղանթների հարցում պարեկային ծառայությունը մեղմ է վերաբերվում, բայց ես առաջին օրերից գիտեմ մարդիկ, այդ թվում ԱԺ պատգամավորի, որին կանգնեցրել են, զգուշացրել են, իր ձեռքով պոկել է, բայց տուգանել են։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտնգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ մարդիկ խճճվել են վերջին շրջանում արված հայտարարությունների մեջ։

«Կարո՞ղ ենք հստակ արձանագրել՝ այսօր, եթե թաղանթով ավտոմեքենա լինի, տուգանվում է: Մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ, մի մասը հանգստացավ, մի մասը չհանգստացավ։ Հստակ մարդկանց ասեք՝ տուգանվելու են կամ չեն տուգանվելու, որ մարդն իմանա՝ եթե չեն տուգանվելու, ապա տուգանելու փորձի դեպքում ասի, որ դա օրինական չէ: Բայց հստակ հայտարարենք, ոչ թե կլորացնելով՝ մեղմ ենք վերաբերվելու, քնքուշ ենք վերաբերվելու, բայց մարդուն տուգանում են: ԱԺ պատգամավորին տուգանել են, կարծում եմ, որ լավ են արել․ օրենքը օրենք է, թեև համաձայն չենք այդ կարգավորումների հետ, բայց դա երկար հարց է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Այս դիտարկմանն ի պատասխան, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳ նախարարի մասնակցությամբ, որի ժամանակ որոշվել է նման լարվածություններից խուսափելու և քաղաքացիներին անակնկալի չբերելու համար ինչ-որ ձևաչափ մշակել։

«Այս օրենքն ընդունվել է 2005-2007 թվականներին և երբեք չի կիրառվել: Հիմա որոշվեց գնալ այս կարգավորումներին, բայց այնպես անենք, որ լարվածության տեղ չթողնենք: Տուգանքի հետ կապված, եթե մինչև վերջ նայենք, պետք է զգուշացում լիներ։ Քանի որ վարչական իրավախախտում է, տուգանքի տողում պետք է գրված լինի՝ տուգանվում եք զրո դրամ։ Այդպես չի՞ եղել», — ասաց Քոչարյանը՝ նշելով, որ իրեն հասած բողոքների դեպքում այդպես է եղել, ուստի հնարավոր է որևէ ոստիկան լավ հրահանգված չի եղել:

Հանձնաժողովի փոխնախագահը խնդրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանին մեկնաբանել այս դիտարկումը, ինչին ի պատասխան վերջինս նշեց, որ համաձայն է Գեղամ Մանուկյանի հետ, քանի որ տվյալ հարցի հետո կապված իսկապես տարաբնույթ ընկալումներ կան։

«Իրականում, ամսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին, իսկ Վարչական օրենսգիրքը սահմանում է, որ դրա համար նախատեսված է տուգանք 25 հազար դրամի չափով: Ամսի 31-ին ՆԳՆ-ի հետ աշխատանքային և մասնագիտական քննարկում իրականացրեցինք, և քանի որ դա համարվում է խախտում, իսկ խախտման համար պետք է լինի պատասխանատվություն, որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պետք է հասնել ցանկալի արդյունքին: Այսինքն՝ պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը, վարչական դիտողությունը: Որոշվեց, որ առաջիկա մի քանի օրը որպես տույժ կկիրառվի դիտողությունը, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Նա նաև հավելեց, որ լուսաթափանցելիության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոց վարելը համարվում է իրավախախտում, հետաբար վարորդները պետք է հանեն մգացնող թաղանթները։ Նրա խոսքով՝ կարող են լինել մեղմացուցիչ հանգամանքներ, որոնց դեպքում կկիրառվի նախազգուշացում, բայց ներկայում դրանք հազվադեպ են լինելու։

«Հիմա հիմնականում կիրառվելու է տուգանք։ Հորդորում ենք թափանցելիության կանոնները պահպանել, որովհետև միևնույն է պատասխանատվության են ենթարկվելու»,- շեշտեց Խաչատրյանը։

Please enter a valid URL