Search
Close this search box.

Լարը բացված չի եղել. երեխան մտել է այնտեղ՝ թաքնվելու. մանրամասներ՝ Դեբետում հոսանքահարված աղջկա դեպքից

Երեկ Լոռու մարզի Դեբետ գյուղում ողբերգական դեպք էր տեղի ունեցել` 11-ամյա աղջնակը հոսանքահարվել էր և մահացել։ Այս մասին գրում է Aysor.am-ը:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17:00-ի սահմաններում գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում Դեբետ գյուղի բնակիչ 11-ամյա Լուսինե Գ.-ն դիպել է խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկտրասյան միջից դուրս եկած հոսանքալարին։

Լրատվամիջոցի հետ զրույցում Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանն ասել է, որ դեռևս նախաքննություն է իրականացվում. «Որևէ հստակ տեղեկություն դեռ չկա։ Բայց քննության նախնական արդյունքներով, հավանաբար, երեխան մտել է այդտեղ՝ թաքնվելու նպատակով։ Այդ հատվածը շատ նեղ է, որտեղից հովանցումով անցնում է հոսանքը, որը մատակարարել է խաղահրապարակի լուսավորությունը։ Հավանաբար, խաղացել ու բացել է լարը, որից առաջացել է հոսանքահարում։ Բայց սա նախնական տվյալ է»։

Սարգսյանի խոսքով՝ աղջկա հետ մեծահասակ չի եղել. «Նրա հետ իր անչափահաս քույր-եղբայրներն են եղել ու հարևանի երեխաները։ Եթե երեխաներին մեծահասակ ուղեկցող լիներ, նման բան, հնարավոր է՝ չլիներ։ Ամեն դեպքում, նրանք միշտ մեծահասակների հսկողության տակ են եղել, այս անգամ չգիտեմ, թե ինչու են միայնակ գնացել»։

Անուշ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ երեկ մինչև ուշ գիշեր քննություն է տարվել. «Լարի փաթաթված մասը հավանաբար բացվել է երեխայի կողմից, քանի որ թարմ էր բացվածքը։ Լարի մանրուքները գտել էին, այսինքն՝ այն բաց չի եղել, ինչ-որ մեկի միջամտությամբ, կողմից է բացվել»։

Please enter a valid URL