«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Quick Start նախագծի շրջանակում, մեկնարկում է նոր ծրագիր՝ Հայոց բանակից զորացրված երիտասարդների համար: Ծրագրի նպատակն է զորացրված երիտասարդներին հնարավորություն տալ մասնակցելու Quick Start մեթոդոլոգիայով իրականացվող մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման դասընթանցերին, դառնալ մրցունակ աշխատաշուկայում և գտնել ցանկալի աշխատանք՝ կարճ ժամանակահատվածում: Այս կարևոր առաքելության իրագործմանն է ուղղվելու Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի վաճառքից ստացված շահույթը
««Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի խորհրդով և ամբողջ անձնակազմով որոշում ենք կայացրել գրքի վաճառքից գոյացած ամբողջ շահույթը ուղղել Հայկական բանակից զորացրված երիտասարդների մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման ծրագրի իրագործմանը: Ծրագրի նպատակն է զորացրված այն երիտասարդներին, ովքեր ցանակություն ունեն ձեռք բերել նոր մասնագիտություն կամ նոր որակավորում, վերապատրաստել, կապել գործատուների հետ և ապահովել աշխատատեղով: Quick Start-ը բիզնես նախագիծ է, սակայն զորացրված երիտասարդների համար ամբողջ գործընթացը կլինի անվճար»,- նշել է գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը:
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը լույս է տեսել 2017 թվականի նոյեմբեր ամսին: Գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել և զարգացնել իրենց սեփական բիզնեսը Հայաստանում: Այն ներառում է 200 հայկական ընկերությունների և կազմակերպությունների հաջողության իրական պատմություններ և օրինակներ, որոնք գրքի ասելիքն առավել առարկայական և կիրառելի են դարձնում:
Գիրքը բավական արագ տարածում է ստանում, իսկ վաճառքից ստացվող ողջ շահույթը ուղղվելու է զորացրված երիտասարդների ծրագրի իրագործմանը:
Ծրագրի տեղեկատվական միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին՝ «Բի Էս Սի» ընկերության գրասենյակում: Միջոցառման ընթացքում ծրագրի հեղինակները կներկայացնեն ծրագրի առաքելությունը, մասնակցության կարգը, Quick Start մեթոդոլոգիայի էությունն ու ընձեռած հնարավորությունները, նախագծի հաջողության պատմությունները, ինչպես նաև այլ մանրամասներ:
Ծրագրի 1-ին փուլը կիրականացվի միայն 2015 և 2016 թվականին զորացրված երիտասարդների համար՝ Երևան քաղաքում, որից հետո ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով այլ տարեթվերին զորացրվածներին, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերը:
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն