Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2018 թ. հռչակվել է Երիտասարդության տարի: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները 2018 թ. ողջ ընթացքում իրականացնելու են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը:
Ցուցահանդեսներն ընդգրկելու են կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար): Նախագծի շրջանակներում առաջին ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը` 15:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին հարկի սրահ):
Ցուցահանդեսին ներկայացվելու են Միքայել Հարությունյանի և Սարգիս Բաբայանի ստեղծագործությունները: