Search
Close this search box.

Աղոթում եմ ձեզ համար . Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդես է եկել արցախցիներին ուղղված նամակով:

Նամակի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Արցախի Հանրապետության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ։

Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120,000 անմեղ քաղաքացիներ կանգնած են էկզիստենցիալ ճգնաժամի առջեւ: Այժմ ստեղծված են Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու պայմաններ:

Ձեր ժողովուրդը կրել և կրում է ամենալուրջ միջազգային հանցագործությունները։ Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագությունների և բռնի տեղահանումների արդյունքներին։ Այնուամենայնիվ, աշխարհն ընտրել է ձեր տառապանքների առջեւ ականջները փակելու մոտեցումը: Նույնիսկ ձեր ամենամոտ միջազգային դաշնակիցները կամ ուշադրություն չեն դարձրել, կամ անտեսել են ցեղասպանության նախազգուշական նշանները:

Այս ամենամութ ժամին ես համերաշխ եմ արցախահայության հետ։ Ես մեծ վստահություն ունեմ ձեր ունակության մեջ՝ հաղթահարելու այս ճգնաժամը քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով. ոչ միայն դուք կգոյատևեք, այլև կստեղծեք գեղեցկություն կործանման մոխիրներից:

Ինձ ասում են, որ 1990 թվականից ի վեր 88 անգամ այցելել եմ Արցախի Հանրապետություն: Ես արտոնություն եմ ունեցել զգալու ձեր պատմության սերը և երաժշտության, պարի և արվեստի ձեր հարուստ մշակույթը: Եվ այս ամենը ձեր հողի խորդուբորդ լեռների, թավ անտառների, բերրի հովիտների և բյուրեղյա գետերի շունչ կտրող գեղեցկության համատեքստում:

Ես առիթ եմ ունեցել հանդիպելու մի շարք հրաշալի մարդկանց, որոնցից շատերը Անատոլիայում Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում և Բաքվում հակահայկական ջարդերի, Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միաձայնությունը, որով նրանք կիսում են մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա իրենց պատմական հողում խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ապրելն է: Այս կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը։

Ես միշտ ինձ հետ կրում եմ մի երիտասարդ կնոջ հիշատակը, որին հանդիպել եմ Մարտակերտի հիվանդանոցում 1992 թվականին, երբ այցելել էի Մարաղա գյուղ, որը վերջերս ենթարկվել էր Ադրբեջանի կողմից իրականացված ջարդին։ Գյուղի ավերակներում ես տեսա ադրբեջանցի զինյալների կողմից գլխատված քաղաքացիական անձանց դիեր, մարդկանց արյունը դեռ քսված էր պատերին, հրկիզված տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այս կնոջը, նա տանջվում էր իր որդու և տասնչորս հարազատների մահվան պատճառով, որոնք սպանվել էին Մարաղայի կոտորածում: Ես լաց եղա նրա հետ: Այդպիսի ժամանակի համար խոսքեր չկան։ Բայց երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյոք նա ասելիք ունի, որը կցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»:

Չեմ կարծում, որ «շնորհակալություն»-ն այն բառերն են, որոնք մտքովս կանցնեին այն օրը, երբ տեսների, որ իմ ընտանիքից շատերին սպանել են նման սարսափելի հանգամանքներում: Դա հայ ժողովրդի արժանապատվությունն է։ Եթե ես այսօր կարողանայի խոսել այս կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռացել քեզ, նույնիսկ եթե Հայոց ցեղասպանության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռների վրա»:

Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկա դի՝ երկու մասի կտրված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսափով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իրենց ստորաբաժանումը գյուղեր էր գրավել, նա չկարողացավ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային։ Երբ ընթրիքի ժամանակ պատմեցին այս պատմությունը` լրագրողը գովեց մարդուն իր մարդասիրության և արժանապատվության համար: Ինչին նա պատասխանեց. «Արժանապատվությունը փշե պսակ է»։ Արցախցիները ոգեշնչող խիզախությամբ ու արժանապատվությամբ կրել են քո փշե պսակը։

Ես երբեք այնքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր. 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նվաճումն ու էթնիկ-կրոնական զտումները՝ Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ, հայերի կալանավորումները, խոշտանգումները և հայ պատանդների սպանությունը. Ադրբեջանի հետագա ռազմական ներխուժումները և Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների օկուպացումը, Արցախի ներկայիս շրջափակումը և ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականության մասին։

Այսօր պայմաններ կան Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար: Այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորության իմ կառավարությունը, մերժել են իրենց իրավական պարտավորությունը՝ կանխելու վատագույնը, պաշտպանելու նրանց, որոնք դրա կարիքն ունեն և պատժելու նրանց, որոնք պատասխանատու են վայրագությունների համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել:

Ինձ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ միջազգային տերությունների կողմից Հայաստանի Հանրապետության վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ն զոհաբերի իր հայրենիք Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը, այսպես կոչված խաղաղության պայմանագրի դիմաց։ Եթե հավատանք զեկույցներին, ապա բանակցային գործընթացում ներգրավվածներն ասում են, որ պայմանագիրը թույլ կտա ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանները և առևտուր անել թուրքական աշխարհի հետ։

Իմ սիրելի ընկերներ, ինչպես դուք տեղյակ եք, խաղաղության և բարգավաճման այս խոստումները գին ունեն: Եթե պայմանագիրը ստորագրվի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից ակնկալվելու է, որ հրաժարվեք ինքնորոշման ձեր միջազգային իրավունքից: Սպասվում է, որ դուք զիջելու եք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի վրա: Այստեղ տեղին է հիշել Հայաստանի Գերագույն Հոգևոր Խորհրդի վերջին հայտարարությունը՝ «Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն անխուսափելիորեն Արցախի մեր եղբայրներին և քույրերին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենադարձության դիմաց»։

Եթե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգային տերությունները չեն ցանկանա արձագանքել: 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել իրենց ներկայիս դիրքերում», սակայն նրա զինված ուժերը այդ ժամանակվանից անպատիժ առաջ են գնացել եւ զբաղեցրել նոր դիրքեր։ Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը ենթարկվել են արագ քրեական դատավարությունների։ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար: Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, իր ներկայիս տեսքով, չի երաշխավորելու խաղաղություն արցախահայության համար։

Իմ մեծ մտավախություններից մեկը հայկական բոլոր եկեղեցիների, հուշարձանների և այլ մշակութային ու հոգևոր գանձերի ոչնչացումն է, որոնք կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020 թվականից ի վեր բազմաթիվ հայկական վայրեր արդեն թիրախավորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց տաճարը, Տիգրանակերտի մոտ գտնվող հնագիտական ճամբարը և նախորդ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը։

Չպետք է մոռանալ Նախիջևանի հայկական դարավոր կրոնական վայրերի համակարգված բնաջնջումը, ներառյալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրա հարձակումը, որտեղ ադրբեջանցի զինվորները, զինված մուրճերով և վերամբարձ կռունկներով, ոչնչացրեցին հարյուրավոր ձեռակերտ խաչքարեր:

Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախում կպարտադրվի ևս մեկ «Նախիջևան»՝ ոչնչացվելու է մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անգին մասը։

Ես մի դաս եմ հիշում Աստվածաշնչից. Հուդայի թագավորության վերջին օրերին Երեմիա մարգարեն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկար»։ Այդ դեպքում ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկրում աքսորն էր։

Երբ ես փոքր երեխա էի, իմ երկիրը մեկուսացված էր և իր ամենամութ ժամանակահատվածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրահեղ ազգայնական ցեղասպան բռնապետության կողմից: Մեր այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացավ «խաղաղություն մեր ժամանակներում», բայց խաղաղություն չկար։

Նրա իրավահաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխատանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխատասիրության, քրտինքի և արցունքների» աննկարագրելի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատության մեջ ապրելու մեր արտոնությունը։

Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայելում ենք ես և իմ ընտանիքը` բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտոնության համար ես խորապես պարտական եմ նրանց, ովքեր ավելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը:

Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար` ամբողջ աշխարհում:

Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը` բոլորիդ, երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»:

Please enter a valid URL