Search
Close this search box.

Որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «անընդունելի են» Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ մի շարք ուղղություններով հարցերի էությունը հերթական անգամ «խեղաթյուրելու» , թե՛ միջազգային հանրության, թե՛ հայ հասարակության շրջանում «թյուրըմբռնում» առաջացնելու փորձերը՝ «խուսափելով» Հայաստանի ստանձնած պարտավորություններից:

«Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի հանդիպման, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Որպես կանոն, այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։

Միգուցե այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975 թվականի քարտեզի կոնկրետ հղումը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել էր, որ Քիշնևում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը, սակայն առաջընթաց ունենք:

Please enter a valid URL